Բավ է պառակտվել
07-01-2020 20:35

Գիտնականներն ապացուցել են. ծովային խխունջները կօգնեն բուժել Ալցհեյմերի հիվանդությունը և հասնել անմահության

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի՝ UCLA-ի պրոֆեսոր, նյարդակենսաբան Դեյվիդ Գլանցմանին հաջողվել է փոխպատվաստել մեկ ենթափորձային ծովային խխունջի հիշողությունը մեկ այլին: Forbes Life- ի արտահաստիքային թղթակիցը դիմել է պրոֆեսոր Գլանցմանին՝ իմանալու, թե ե՞րբ կսկսվի հիշողությունը փոխպատվաստել մարդկանց, և ինչի՞ կարելի է հասնել նման վիրահատությունների միջոցով:

Պրոֆեսոր-նյարդակենսաբան Դեյվիդ Գլանցմանն ավելի քան 30 տարի ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների երկարատև հիշողության պահպանման թեման։ Նրա լաբորատորիայի գիտնականների խմբին հաջողվել է փոխպատվաստել Apollsia californica կակղամորթի (ծովային խխունջների տեսակ՝ խմբ.) հիշողությունը։ Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ դպրոցներում չեն ստում, ասելով, որ կրկնությունը գիտության մայրն է։ Կրկնվող գործողությունների ազդեցության ներքո կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) ձևավորվում են նոր սինապսներ (միջնեյրոնային կապեր՝ խմբ.) և դրանց քանակն ավելանում է։ Փորձի ընթացքում ապացուցվել է, որ որոշ հիշողություններ կոդավորված են օրգանիզմի գենետիկ ծածկագիրի մաս կազմող մոլեկուլներում։ Այսպես նեյրոգիտության առջև ծառացավ հիշողության պրոցեսի արմատական վերաիմաստավորման անհրաժեշտությունը։

Դոկտոր Գլանցման, ձեր կարծիքով, բացի անձնական փորձից գոյություն ունի՞ հիշողություններ ունենալու և ուղղելու մեկ այլ ճանապարհ։

Մենք պարզել ենք, որ հիշողությունների այն տիպերը, որոնք առաջացնում են հուզական և զգայական փոփոխություններ, ձևավորվում են ոչ թե ուղեղի բջիջների կապերում, ինչպես պնդում են շատ գիտնականներ, այլ ՌՆԹ-ի մոլեկուլներում, որոնք օրգանիզմի գենետիկ մեխանիզմի մաս են։

Այս գաղափարը ստուգելու նպատակով մենք փորձեր անցկացրինք Aplysia californiaica-ի վրա՝ էլեկտրահարման միջոցով խխունջների մոտ առաջացնելով պաշտպանական ռեֆլեքս։ Դրանից հետո փորձի ենթարկված խխունջների ՌՆԹ-ն փոխպատվաստվեց ուրիշ խխունջների։ Այս բանից հետո ռեցիպիենտ կակղամորթերի խմբի մոտ ի հայտ եկավ սենսիբիլիզացիա՝ պաշտպանական ռեֆլեքսի կայուն արտահայտում, չնայած նրանք չէին ենթարկվել արտաքին գրգռիչների։

Այսինքն՝ նոր խխունջները ժառանգել էին ենթափորձային դոնորների հիշողությունը։ Փորձերը ցույց են տալիս, որ էնգրամի (երկարատև հիշողության հետքեր՝ խմբ.) զգալի մասը, որը հանգեցնում է ծովային խխունջների սենսիբիլիզացիայի, գտնվում է ՌՆԹ-ում, այլ ոչ ուղեղի բջիջների կապերում, ինչպես պնդում է ավանդական նեյրոգիտությունը։ Ընդ որում, խոսքը հիշողության շատ կոնկրետ տեսակների մասին է։

Սակայն մենք դեռ չենք սկսել փորձարկումները մարդու ուղեղի հետ, չնայած արդեն այսօր ակնհայտ է, որ վարքագծի առավել բազային ռեակցիաները կապված են կենդանու մոտ ինչ-որ տեսակի անցման հետ, և որ մեզ հաջողվել է արտազատել մի բան, որն ակտիվացնում է այս խթանը։

Փաստորեն, դուք գտել եք ուղեղի բազմաթիվ գաղտնիքների բացահայտման բանալին, այսինքն՝ մեծացրել եք մարդկության հնարավորությունը բուժել ուղեղի բազմաթիվ հիվանդություններ և լուծել նեյրոլոգիական խնդրները:

Այո, նույնիսկ թերահավատներն ընդունել են, որ այս հայտնագործությունը հիմք է հանդիսանում նեյրոնների դիսֆունկցիայի հետ կապված հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդների ստեղծման համար, իսկ հեռանկարում կարող է հանգեցնել հիշողության փոխպատվաստման տեխնոլոգիայի ստեղծմանը։ Այլ կերպ ասած, այն կարող է իսկական հեղաշրջում կատարել:

Եթե հիշողության պահպանման մեխանիզմները գենետիկ բնույթ ունեն, ապա այդպիսի մոլեկուլների փոխպատվաստումը կարող է փոխել հիշողության կառուցվածքը և կազմաձևումը: Իսկ այդ գոտիների “վերծանումը” թույլ է տալիս անկանխատեսելիորեն ընդլայնել ուղեղի համար նախատեսված գործիքներն ու հնարավորությունները:

Մի պահ պատկերացրեք. Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հիշողության խորքերից “հանում են” նրանց կորած հիշողությունները, կամ վնասվածքներ ստացած և հետվնասվածքային խանգարումներով տառապող մարդկանց մոտ հեռացնում են հիշողության “սթրեսային” պատառիկները: Երևակայության մեջ կարելի է ավելի հեռուն գնալ. պահպանել և փոխպատվաստել հանճարեղ գյուտարարների կամ մարդու նախնիների հիշողությունը։

Պարզվում է, որ Ջիմ Քերիի և Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ “Մաքուր բանականության հավերժ փայլը” կինոնկարի սյուժեն, որտեղ հերոսների հիշողություններից ջնջում են սերը այլևս սցենարի հեղինակների երևակայությունը չէ: Ուրիշ ինչպե՞ս կարելի է կիրառել ձեր հայտնագործությունը:

Մեզ առաջին հերթին մտահոգում է, թե ինչպես կարելի է անբուժելի հիվանդությունները բուժելի դարձնել:

Ես տեսնում եմ մեր հայտնագործության երկու հնարավոր կիրառություն մոտ ապագայում: Ես հավատում եմ, որ ՌՆԹ-ի խթանմամբ թերապիայի միջոցով մենք կարող ենք էապես կրճատել ՀՎՍԽ (հետվնասվածքային սթրեսային խանգարում՝ խմբ.) հետևանքները` կարգավորելով տրավմատիկ հիշողությունների հետևանքով ի հայտ եկող էպիգենետիկ (գեներից դուրս, ԴՆԹ-ի վրա չազդող՝․խմբ) փոփոխությունները: Եվ ես հավատում եմ, որ Ալցհեյմերի հիվանդությունը հնարավոր է բուժել ՌՆԹ-ի միջոցով: Ալցհեյմերի հիվանդության հիմնական հետևանքներից մեկը սինապտիկ կապերի ոչնչացումն է, և նման կորուստը կապված է ուղեղի ճանաչողական ունակությունների կորստի հետ: Այնուամենայնիվ, եթե մենք ճիշտ ենք, ապա հիշողությունը պահվում է ոչ թե սինապտիկ կապերի տեսքով, այլ որպես բջջային կորիզի էպիգենետիկ փոփոխություններ: Սա նշանակում է, որ հիվանդության ընթացքում հիշողությունը չի անհետանում և, չնայած հիվանդության վաղ փուլերում սինապտիկ կապերի զգալի կորստին՝ այն հնարավոր է վերադարձնել:

Ինչպե՞ս կարող է հիշողության պահպանման նոր մեխանիզմի հայտնաբերումը ազդել արհեստական բանականության ստեղծման և ուսուցման տեխնոլոգիայի վրա: Ի վերջո, գոյություն ունեցող բոլոր մոդելները հիմնված են բացառապես հիշողության պահպանման սինապտիկ տեսության վրա. որքան ավելի շատ տեղեկություններ տան արհեստական բանականությանն, այնքան ավելի արա՞գ նա կսովորի։

Ես հավատում եմ, որ արհեստական բանականության նոր մոդելների մշակումը, որը հիմնված է տեղեկատվության միջբջիջային, էպիգենետիկ պահեստավորման գաղափարի վրա, կստեղծի կենսաբանորեն ավելի իրատեսական և, հետևաբար, ավելի ճկուն և հզոր համակարգեր, ինչպիսիք են սինապտիկ պլաստիկության տեսության վրա հիմնված խորը ուսումնասիրության մոդելները։

Կարծում եք արդյո՞ք, որ բջջային կորիզում հիշողության միավորների պահպանման մեխանիզմը հասկանալը հետագայում թույլ կտա ներդնել արհեստականորեն ստեղծված հույզեր-գիտելիքներ-հմտություններ:

Այո, բայց ես չեմ ուզում գուշակել, թե որքան արագ կգա այս ապագան, ինչպես և ինչ բարդության հույզեր-գիտելիքներ-հմտություններ հնարավոր կլինի ներդնել: Բայց, միանշանակ, մենք պետք է արմատապես վերաիմաստավորենք հիշողության գործընթացները:

Ընդունված է համարել, որ մարդու անհատականությունն՝, այն, ինչը մարդուն դարձնում է յուրահատուկ անհատ, ոչ այլ ինչ է, քան նախասկզբնական գենետիկական հավաքածու` գումարած նրա կյանքի ընթացքում ձեռք բերված զգացմունքների և հիշողությունների բազա: Ելնելով դրանից՝ արդյո՞ք կենդանի արարածի հիշողությունը փոխպատվաստելու տեխնոլոգիայի հնարավոր զարգացումը կլուծի անմահության խնդիրը:

Կարծում եմ, խիստ անհավանական է, որ մենք երբևէ լիովին փոխանցենք մարդու անձի ճանաչողական պատմությունը մեկ այլ անձի կամ մեքենայի: Միևնույն ժամանակ, ես հավատում եմ, որ մենք կարող ենք զգալիորեն դանդաղեցնել ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր ծերացումը դեղաամիջոցների և էպիգենետիկ մեթոդների համադրության շնորհիվ: Եվ, հետևաբար, անմահության խնդրի լուծումն ինքն անմահությունը կլինի: