Բավ է պառակտվել
24-11-2021 21:51

Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում, երկու անձ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել

 

Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում, առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են, տեղեկանում ենք 168․am կայքից։

Այսպես, «Վի Իքս Սոֆթ» ընկերության տեղեկատվական անվտանգության գլխավոր աշխատակից Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։
Տեղեկությունն է հաստատում նաև «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, որ չորեքշաբթի նամակ է ստացել Apple ընկերությունից, նշելով, որ ունի փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իր, այլև մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։
«Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»,- գրում է Վանեցյանը։ Նա նաև հրավիրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունն իր, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված։
«Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից»,- ամփոփում է Վանեցյանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փաշինյանն 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ՝ երկրի անվտանգությանը վտանգ սպառնացող անջանց գաղտնալսելու համար։
Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։ Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։