Բավ է պառակտվել
19-12-2018 20:25

Հայաստանում ընթացք է տրվել 10 մլն դոլար արժողությամբ “Հայկական գենոմ” նախագծին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ:

“Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների հոսքն այնքան շատ է, որ անհրաժեշտություն կա քննարկել դրանց առնչությունը միմյանց հետ՝ որքանո՞վ են դրանք մտնում ընդհանուր տրամաբանության մեջ, որքանո՞վ են շարունակում կամ հակասում մեկը մյուսին, արդյոք կարո՞ղ ենք այդ բոլոր առաջարկությունները դիտարկել մեկ շղթայի մեջ”,- ասել է Փաշինյանը։

Նա կարծիք է հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում հնարավոր կլինի փոխանակվել միտումների մասին տեղեկատվությամբ և որոշակի պատկերացումներ կազմել։

Նախագծի համահեղինակներ՝ ամերիկյան “New Ventures Funds Drawbridge Health” ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Գլորիկյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել են նախագծի մանրամասները։ Նշվել է, որ նախագծի նպատակն է թվային առողջապահության և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով առողջապահության ոլորտում մեծացնել գենետիկ եզրակացությունների թիվը: Ծրագիրը նախնական գնահատվում է 10 մլն ԱՄՆ դոլար:

Մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել է նախագծի կարևորությունը, դրա բժշկական, հետազոտական, տեխնոլոգիական բաղադրիչները, հնարավոր տնտեսական հետևանքները, ներդրողների շրջանակը և այլ հարցեր։

Վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն անդրադարձել է քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ հիմնադրամին ներկայացված ներդրումային ծրագրերին և առաջարկել է դիտարկել այդ առաջարկները նշված նախագծի իրականացման համատեքստում:

Քննարկումների արդյունքում ընդգծվել է մշակված ծրագրի կարևորությունը և որոշում է կայացվել սկսել “Հայկական գենոմ” անվանմամբ նախագիծն, իսկ դրա իրականացման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին համատեղ մշակել և ներկայացնել նախագծի մանրամասն ռազմավարությունը, ճանապարհային քարտեզը և բյուջեի ժամանակացույցը։ Անդրադառնալով նախագծի ֆինանսավորման աղբյուրներին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զուգահեռ աշխատել ներդրողների պոտենցիալ շրջանակի հստակեցման և ներդրումների ներգրավման ուղղությամբ: