Բավ է պառակտվել
08-08-2018 18:21

Հայաստանում բնակիչները կարող են հիանալ «Պերսեիդներով»

Օգոստոս ամիսը հայտնի է իր աստղաթափերով. այսպես Հայաստանի բնակիչները կարող են հիանալ «աստղային անձրևով», որը կտևի օգոստոսի 12- ից 14-ը:
«Պաշտոնապես դա կոչվում է ասուպային հոսք. սրանք Երկրի ուղեծրում տարբեր ասուպային գոյացություններ են: Արևի շուրջ պտտվելու ընթացքում Երկիրը մոտենում է այդ մանր ասուպային քարերին, այս քարերը կոչվում են «պերսեիդներ» և դա տեղի է ունենում տարվա որոշակի ժամանակահատվածում: Սովորաբար անվանումները տրվում են համաստեղությունների անուններով, քանի որ այդ հոսքը կարծես բխում է նրանցից, այսինքն որոշակի ուղղությամբ մեծ քանակի ասուպ է նկատվում», - ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Աստղադիտարանի տնօրենը տեղեկացրեց, որ «պերսեիդները» լավ տեսանելի կլինեն նաև Հայաստանում, քանի որ Պերսեոսը շուրջբևեռային համաստեղություն է: Նա նաև նշել է, որ տարվա ընթացքում լինում են մի քանի խոշոր և մինչև 25 ավելի փոքր հոսքեր:
«Բարձրակետը կլինի օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, և հնարավոր կլինի տեսնել ժամում մինչև 60 ասուպ: Ընդհանրապես հոսքը տևում է մի քանի օր և անգամ մինչև երկու շաբաթ, այնպես որ ասուպները կարելի է տեսնել ոչ միայն այդ գիշերը», - ասաց Միքաելյանը:
Նա նաև նշեց, որ գերադասելի է հետևել այդ տիեզերական երևույթին քաղաքից դուրս, իսկ ամենալավն է այցելել Բյուրականի աստղադիտարան, որտեղ փոքր դիտակների օգնությամբ և մասնագետների խորհրդատվությամբ հնարավոր կլինի վայելել տեսարանը: