Բավ է պառակտվել
01-11-2019 23:25

ՆԱՍԱ-ում որոշել են Լուսին ուղարկել չորս աստղագնացի

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է 2030թ․չորս աստղագնացի Լուսին ուղարկելու ծրագրի մասին։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

“Առանց կատակի, մենք իրոք նման առաքելություն ենք պլանավորում”,- ասել է ՆԱՍԱ-ի գիտնական Ջոն Քոնոլին։

Նրա խոսքերով՝ “Արտեմիդա” ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաքելությունը կենտրոնացված կլինի հյուսիսային բևեռում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ լուսնային սառցի մեծ մասը ստվերում գտնվող խառնարաններում է, իսկ ջրի աղբյուրները կենսական անհրաժեշտություն են Լուսնի մակերևույթի վրա երկար ժամանակ գտնվելիս։

Ենթադրվում է, որ աստղագնացները Լուսնի վրա կմնան վեց և կես օր, այս ընթացքում նրանք կիրականացնեն մինչև չորս տիեզերական զբոսանք, մի շարք հետազոտություններ և կվերցնեն լուսնային սառցի նմուշներ։

Հոկտեմբերի 21-ին ՆԱՍԱ-ն կարևորել է բոլոր երկրների մասնակցությունը Լուսնի նվաճման ծրագրում։ Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Ավստրալիան կմիանա այս ծրագրին։

ՆԱՍԱ-ի “Արտեմիդա” լուսնային նոր ծրագրով նախատեսվում է երեք թռիչք դեպի Լուսին, իսկ երրորդ փուլում պլանավորվում է վայրէջք կատարել Երկրի բնական արբանյակի վրա:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Լուսնի և Մարսի հետազոտության համար լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար հատկացնելու մտադրության մասին: