Բավ է պառակտվել
10-09-2019 18:45

Շվեյցարիայում ստեղծել են ոտքի բիոնային պրոթեզ, որը թույլ է տալիս զգալ քայլերը

Գիտնականների միջազգային թիմը մշակել է ոտքի բիոնոնային պրոթեզ, որի շնորհիվ հիվանդը քայլելիս զգում է արհեստական ոտքի հպումը գետնին և արհեստական ծնկի ծալվելը: Այս արդյունքին հասնելու համար մասնագետները կապ են ստեղծել պրոթեզի սենսորների և ազդրի նյարդային մանրաթելերըշի միջև: Այս մասին իր կայքում հայտնել է Ցյուրիխի Դաշնային տեխնիկական համալսարանը (ETH Zurich), որը գիտական և ինժեներական հետազոտություններ է անցկացրել Լոզանում տեղակայված SensArs տեխնոլոգիական ընկերության հետ միասին:

Զեկույցում նշվել է, որ բիոնային պրոթեզի և նեյրոնների միջև “հետադարձ կապի” առկայությունը զգալիորեն նվազեցնում է այն բեռը, որը մարդը զգում է քայլելիս: Գիտնականները հիշեցնում են, որ սովորական պրոթեզ օգտագործելիս մկանների ծանրաբեռնվածության մշտական հսկողությունը բացակայում է: Սա էապես սահմանափակում է անդամահատված մարդկանց շարժունակությունը: Բացի այդ, նրանք կարող են ֆանտոմային ցավ զգալ անդամահատված վերջույթում:

Ինչպես հայտարարել է ETH Zurich-ի պրոֆեսոր Ստանիսա Ռասպոպովիչը, նյարդային իմպլանտներով բիոնային պրոթեզն արժանացել է երեք ամսվա ընթացքում փորձարկումների մասնակցած 2 հիվանդի դրական գնահատականին, որոնցից յուրաքանչյուրի ոտքն անդամահատված էր ծնկից վերև: Գիտնականները մշակել են ալգորիթմ, որը գետնի հետ արհեստական ոտքի շփումից ստացված ինֆորմացիան վեափոխում է մարդու նյարդային համակարգ հաղորդվող էլեկտրական իմպուլսի։ Այս ազդանշանը նյարդերի միջոցով փոխանցվում է ուղեղին: Այսպիսով, փորձարկողը կարող է զգալ պրոթեզը և հարմարեցնել այն իր կարիքներին` առավելագույն հարմարավետությունն ապահովելու համար:

Բիոնային պրոթեզով քայլելն ավելի քիչ ջանք է պահանջում: Բացի այդ, ավելի քիչ է ծանրաբեռնվում նյարդային համակարգը․մարդն իրեն ավելի վստահ է զգում: Փորձարկողները ստիպված չէին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քայլելու վրա, և կարող էին ավելի մեծ ուշադրություն դարձնել այլ խնդիրների լուծմանը: Զգալիորեն արագացել է ավազի վրա քայլելը։

Գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիան թույլ է տվել նաև բուժել ֆանտոմային ցավերը: Մինչև փորձարկումները երկու մասնակիցն էլ ունեցել են նման ցավեր: Մեկ ամիս տևողությամբ նեյրոստիմուլյացիայի կուրսից հետո հիվանդներից մեկի ցավերը զգալիորեն թեթևացել են, իսկ մյուսինը՝ ամբողջովին անհետացել։ Գիտնականները լավատեսորեն են գնահատում այս արդյունքը, բայց կարծում են, որ անհրաժեշտ է շարունակել փորձարկումներն ավելի մեծ թվով կամավորների մասնակցությամբ, որպեսզի ավելի շատ գիտական տվյալներ կուտակվեն: Մասնավորապես, SensArs ընկերությունը մտադիր է մշակել անլար նեյրոստիմուլյատոր, որը հնարավոր կլինի պատվաստել հիվանդներին, ինչպես կարդիոխթանիչները: