Բավ է պառակտվել
30-06-2020 23:33

Ի՞նչ պետք է իմանալ հետընթաց Մերկուրիի մասին

 

Մոտ ժամանակներս երկու անգամ՝ հունիսի 18-ից հուլիսի 12-ը և հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը մեզ սպասում է հետընթաց Մերկուրիի երևույթը։ Ինչպե՞ս է գիտությունը բացատրում դա և ի՞նչ անել, որպեսզի այն անցնի առանց հետևանքների ...

Բանալիները թողե՞լ եք տանը և փակե՞լ դուռ, կորցրե՞լ եք ձեր սիրած ակնոցները և պատահաբար ջնջե՞լ եք կարևոր ֆայլ ձեր համակարգչից: Գուցե այսօր պարզապես ձեր օրը չէ: Իսկ գուցե՞ անհաջողությունների պատճառը Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակն է։ Այո, Մերկուրին կրկին հետընթացաց շարժման մեջ է։

Հավատում եք, որ տիեզերական ակտիվությունը որևէ կերպ ազդում է երկրային պատահարների վրա, թե ոչ, փաստը մնում է փաստ. տարին մի քանի անգամ Մերկուրին դառնում է քննարկման հիմնական առարկա: Այսպիսով, ի՞նչ է հետընթաց Մերկուրին: Իրականում սա պարզապես օպտիկական պատրանք է, երբ մեզ թվում է, որ մոլորակը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ: Աստղագուշակության հետևորդները վստահ են, որ այդ պահին կյանքում ամեն ինչ ձախողվում է. մարդիկ սխալներ են գործում և ուշանում, իսկ համակարգիչների աշխատանքը խափանվում է: Այս երևույթը լինում է տարեկան երեք անգամ: 2020 թ.-ին Մերկուրին հետընթաց շարման մեջ կգտնվի ևս երկու անգամ ՝ հունիսի 18-ից հուլիսի 12-ը, իսկ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը:

Ի՞նչ է ասում գիտությունը հետընթաց Մերկուրիի երևույթի մասին

Այս հարցին կարող է պատասխանել փիլիսոփայության դոկտոր, աստղագիտության հայտնի գիտնական, բնական գիտությունների դասախոս, “Գիշերային երկինք․ Լուսնի գիրքը՝ մեր մերձավոր հարևանի ուղեցույց” բեսթսելերի հեղինակ և “Մեծ շրջագայություն արևային համակարգում դոկտոր Մեգիի հետ” մանկական գրքի հեղինակ Մեգի Ադերին-Պոկոկը։ “Մերկուրիին նայելով, մենք կտեսնենք, որ այն ավելի մոտ է Արեգակին, քան Երկիրը, իսկ նրա ուղեծիրն ավելի կարճ է՝ ընդամենը 88 օր երկնային 365,25 օրերի համեմատ։ Սա նշանակում է, որ Մերկուրին չորս անգամ ավելի արագ պտտվում է Արեգակի շուրջն, - ասում է Ադերին-Պոկոկը: - Երբ նրանք Երկրի հետ գտնվում են լույսի աղբյուրի մի կողմում, Երկրից թվում է, թե Մերկուրին փոխել է ուղղությունը և շարժվում է արևմուտքից արևելք”:

Որպես համեմատություն՝ Մեգին մի պարզ նմանակություն է օրինակ բերում։ “Պատկերացրեք, որ նստած եք գնացքում, որը կանգնած է, - ասում է նա: - Հարևան հարթակում գտնվող գնացքն աստիճանաբար սկսում է առաջ ընթանալ, բայց հետո ձեր գնացքը արագություն է հավաքում և անցնում այն: Եթե մենք չիմանանք, որ մեր գնացքը շարժվում է, մեզ կթվա, թե հարևան գնացքը նախ դանդաղ առաջ է ընթանում, ապա հավասարվում է մեզ և հանկարծ սկսում է ետ գլորվել”։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Արեգակնային համակարգի ցանկացած մոլորակ կարող է հետընթաց լինել: Եթե, օրինակ, մենք լինեինք Մերկուրի վրա և դիտարկեինք Երկրի շարժումը՝ նմանատիպ էֆեկտ կնկատեինք: Այս դեպքում ինչու՞ է ամբողջ ուշադրությունը Մերկուրիին դարձվում: Նրա ուղեծիրն ավելի կարճ է, քան, ասենք, Մարսինը, ուստի դրա հետընթաց շարժումը շատ ավելի հաճախ է տեղի ունենում։ Եվ չնայած մոլորակի հետընթաց շարժումն ունի իր տրամաբանական, գիտական բացատրությունն՝ աստղագուշակները շարունակում են պնդել, որ այն իրականում իր ազդեցությունն ունի մեր ճակատագրի վրա։

Ի՞նչ է ասում աստղագուշակությունը հետընթաց Մերկուրիի երևույթի մասին

Սյուզան Միլլերը աստղագուշակության հայտնի ներկայացուցիչներից մեկն է: Ամեն տարի նրա Astrology Zone կայքը հավաքում է 309 միլիոն դիտում և 11 միլիոն եզակի օգտագործող, և սա՝ չհաշված նույնանուն ծարգիրը սմարթֆոնների համար։ “Հետընթաց Մերկուրին միակ իրադարձությունն է, որն ազդում է բացարձակապես բոլորի վրա”, - ասում է Սյուզանը: - Այնուամենայնիվ, Կույսերն ու Երկվորյակները դրա ազդեցությունն իրենց վրա ավելի ուժեղ են զգում, քան կենդանակերպի մյուս նշանները, քանի որ Մերկուրին նրանց մոլորակն է: Երբ նա հետընթաց է ապրում, մենք զգում ենք, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, բայց ինչը և ինչու՝ չենք կարող բացատրել: Աշխարհը ընկղմվում է անընդհատ շարժման վիճակի մեջ”: Այլ կերպ ասած՝ տիրում է քաոս:

Աստղագիտությունն ու աստղագուշակությունն ընդհանուր պատմություն ունեն. մեր նախնիները հավասար ուշադրություն են դարձրել երկու ոլորտներին: Այնուամենայնիվ, այսօր դրանք բարիկադների հակառակ կողմերում են. աստղագիտությունն ուսումնասիրում է Տիեզերքը մեր մոլորակի սահմաններից դուրս, մինչդեռ աստղագուշակությունը փորձում է պարզել, թե ինչպես են ազդում մեզ վրա Երկրի սահմաններից դուրս ընթացող բոլոր երևույթները։ “Հնում ամենատարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչները հետևում էին երկնքում երկնային մարմինների տեղաշարժին: Երկրի պտույտի պատճառով նրանց թվում էր, որ այդ առարկաները շարժվում են արևմուտքից արևելք, բայց երբեմն նրանցից ոմանք հանկարծ փոխում էին շարժումը հակադարձ ուղղությամբ, - բացատրում է Մեգի Ադերին-Պոկոկը: - Նախկինում նման օբյեկտները կոչվում էին “թափառող աստղեր” իրենց փոփոխական պահվածքի պատճառով, բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ դրանք արեգակնային համակարգի մոլորակներ են, որոնք պտտվում են ուղեծրով”:

Ըստ աստղագուշակների, ինչպիսին Սյուզան Միլլերն է՝ Մերկուրիի ընթացքի փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդել երկրային գործերի վրա, և ոչ լավագույն ձևով: “Մերկուրին վերահսկում է շարժման հետ կապված ամեն ինչ, - բացատրում է նա: - Հետընթաց ժամանակահատվածում պետք չէ համակարգիչ, ավտոմեքենա կամ հեռախոս գնել, քանի որ հետագայում դրանք, հավանաբար, խնդիրներ կունենան: Բացի այդ, ես խորհուրդ չեմ տալիս որևէ պայմանագիր կնքել. հետագայում կարող է պարզվել, որ կարևոր բան եք բաց թողել: Ես նաև խորհուրդ չեմ տալիս այդ ժամանակ ժամադրության գնալ. հետընթաց Մերկուրին բացասաբար է անդրադառնում հաղորդակցության վրա, այնպես որ շատ հավանական է ձեզ ոչ սազական անձի հանդիպել”։

Այնուամենայնիվ, գիտությունը չի կիսում նման սնահավատությունները: “Գոյություն են ունեցել բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում էին բացատրել, թե ինչու՞ է Մերկուրիի հետընթաց շարժումն այդքան ազդում Երկրի բնակիչների վրա: Ոմանք կարծում են, որ այդ ամենը կապված է մոլորակի ձգողականության և մեր մարմիններում ջրի հետ փոխազդեցության հետ, - ասում է Ադերինա-Պոկոկը: - Բայց գիտական հաշվարկներն ապացուցում են, որ եթե անցնենք մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մեքենայի մոտով, նրա ձգողականության ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան Մերկուրիինը, որի հեռավորությունը Երկրից 82-ից 217 միլիոն կմ է՝ կախված երկու մոլորակների դիրքից”:

Ինչպե՞ս չեզոքացնել հետընթաց Մերկուրիի ազդեցությունը

Միլլերի խոսքով՝ աստղագուշակության տեսանկյունից հետընթաց Մերկուրիի հետ կապված իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես շատերը կարծում են։ “Աստղագուշակությունը զվարճալի է, այն ցույց է տալիս ձեզ բոլոր հնարավորությունների բազմազանությունը, և համացանցի շնորհիվ ավելի լայն տարածում է ստանում: Բայց գոյություն ունի նաև հակառակ կողմն. այսօր հայտնվել են շատ ոչ բանիմաց աստղագուշակներ, ովքեր պարզապես սարսափեցնում են մարդկանց։ Մի անհանգստացեք. եթե հետընթաց Մերկուրիի ժամանակ երեխա ունենաք՝ նրա հետ ամեն ինչ լավ կլինի”:

Մի պահ մոռանանք խափանվող համակարգիչների և տրանսպորտային միջոցների մասին և անդրադառնանք այն իրադարձություններին, որոնց համար հետընթաց Մերկուրին, ըստ աստղագուշակների, բարենպաստ կլինի։ “Հետընթաց Մերկուրին գերազանց ժամանակ է հին նախագծերին վերադառնալու, հին ծանոթություններին հարություն տալու և նախկին գործընկերների հետ շփվելու համար”, - ասում է Միլլերը: “Մենք սովոր ենք անընդհատ առաջ շարժվել, բայց այս ժամանակահատվածում օգտակար է արգելակել և վերաբեռնումը կատարել”:

Այնուամենայնիվ, Սյուզան Միլլերը կոչ է անում բոլորին զգուշություն ցուցաբերել: “Հետընթաց Մերկուրիի ժամանակ ես միշտ փորձում եմ հատկապես զգույշ լինել, - շարունակում է աստղագուշակը: - Ես երեք անգամ ստուգում եմ ինքնաթիռի տոմսերի մանրամասները, երեկույթից դուրս գալուց՝ հանում եմ ականջողներս ու դնում պայուսակս, որպեսզի չկորցնեմ ճանապարհին և ամրացնում եմ այցեքարտս հեռախոսիս հակաառակ երեսին, որպեսզի, եթե պատահաբար մոռանամ ինչ-որ տեղ՝ վերադրաձնեն ինձ”։

Անկախ նրանից, առաջնորդվում եք արդյո՞ք կուռ տրամաբանությամբ, թե սովոր եք հանձնել ձեր ճակատագիրը նախախնամությանն, անկասկած է մի բան․ եթե ավելի մեծ զգոնությունն օգնում է հիշել, թե որտե՞ղ եք թողել ձեր տան բանալիները և արդյո՞ք ժամանակին եք ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրանում ոչ մի վատ բան չկա: