Բավ է պառակտվել
01-07-2020 13:16

Հայաստանը նախատեսում է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցներ մշակել

Հայաստանը սկսել է հեազոտություններ իրականացնել COVID-19-ի բուժման դեղամիջոցների մշակման ուղղությամբ, չորեքշաբթի օրը կայացած առցանց մամուլի ասուլիսում հայտնել է ՀԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Նա ասել է, որ ինստիտուտը շարունակում է գիտական հետազոտությունները տարբեր հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմները պարզելու ուղղությամբ, որոնք ապագայում կարող են օգտագործվել նոր ախտորոշիչ թեստեր ստեղծելու կամ դեղամիջոցներ մշակելու համար:

“Մենք բազմաթիվ հետազոտություններ և փորձեր ենք իրականացրել տարատեսակ զարգացումների վերաբերյալ՝ կորոնավիրուսի հետ կապված, մասնավորապես, փորձարկել ենք Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կողմից մշակված օզոնային և ուլտրամանուշակագույն ախտահանման սարքավորումներն, ինչպես նաև հատուկ պաշտպանիչ նանոծակույթով դիմակները, որոնք ստեղծվել են Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտում՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ”, - ասել Առաքելյանը:

Ըստ նրա, բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվում նաև հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսը բուժելու համար, սակայն դրանք դեռևս տեսական, գիտական բնույթ են կրում, բայց չի բացառվում որևէ պահին անցումը փորձարարական փուլին։

Նա նշել է, որ հակավիրուսային միացությունները ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում և արդեն իսկ հայտնաբերվել է լավ չափանիշներով մի քանի միացություն:

“Այնուամենայնիվ, (գործնական) կիրառման ուղին շատ երկար է, և մենք դեռ պետք է անցնենք այն։ Խոսքը բուժման մասին է, բայց անհրաժեշտ են գիտական հետազոտություններ: Առայժմ չկա որևէ դեղամիջոց, որը կարող ենք առաջարկել բուժման համար, մենք դեռևս ճանապարհի սկզբին ենք”, - ասել է Առաքելյանը:

Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26065 հաստատված դեպք։ COVID-19-ից մահացել է 453 մարդ, ապաքինվել է 14563 հիվանդ։