Բավ է պառակտվել
31-01-2020 14:40

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից․Արսեն Թորոսյան

 

Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն ասվել է, որ բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», - ասաց նախարարը։

Նա շեշտեց` թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են դիֆերենցել այլ հիվանդություններից: Նախարարը վստահեցրեց, որ մինչև օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ, և թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական  գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ: «Հետևաբար մենք 99.9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,-եզրափակեց նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել այսօր, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի և ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։

Նախարարի խոսքով  Չինաստանից ժամանած ուղևորների ընթացիկ հսկողություն են իրականացնում, օրինակ՝ այցելություններ հյուրանոցներ:

«Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, որին մեր երկիրը վաղուց անդամակցում է և տիրապետում է, կատարվում են: Դրա մեջ է մտնում սահմանային հսկողությունից սկսկած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումը և վարումը»,- նշեց Արսեն  Թորոսյանը:Իսկ  այս պահին անհանգստանալու լուրջ առիթ չկա, քանի որ  արվում է, դիմակ կրելու անհրաժեշտություն նույնպես չկա»,–ասաց Արսեն Թորոսյանը։


Արմինե Գևորգյան