Բավ է պառակտվել
12-09-2019 16:20

Հայաստանը խստացնում է հակածխախոտային օրենսդրությունը

Հայաստանաի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել “Ծխախոտային ապրանքատեսակների և դրանց փոխարիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին” օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծին։

Ինչպես նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փաստաթուղթն արդեն ներկայացված է քննարկման, հաշվի են առնվել բոլոր կարծիքները։

“Քննարկումների արդյունքում երկարաձգվել են սահմանափակումներն ուժի մեջ մտնելու ժամկետները, մասնավորապես՝ ծխախոտային ապրանքատեսակների ցուցադման արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից, ծխախոտային ապրանքատեսակների օգտագործման սահմանափակումները՝ 2022թ մարտի 15-ից, իսկ որոշ դրույթներ ավելի ուշ՝ 2024 թվականից”,- ասել է Թորոսյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ արգելքն ուժի մեջ կմտնի աստիճանաբար, նախ՝ փակ տարածքներում, ապա կտարածվի կիսափակ տարածքների վրա։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններում։ Կարգավորումներ են նախատեսված նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

“Վստահ եմ, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը կհանգեցնի բնակչության մշակույթի զանգվածակին փոփոխությանը, առողջ լինելու իրավունքը հարգելուն և առողջությունն արժևորելուն։ Օրինագիծն ուշացած է, սակայն այլևս չի կարելի հետաձգել դրա ընդունումը”,-ասել է Թորոսյանը։

Նա նաև կոչ է արել հասարակական սննդի կետերին, կամավոր անցնել “տարածք՝ առանց ծխի” քաղաքականությանը, չնայած, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2022թ., մանավանդ, որ արդեն կան այդ քաղաքականությանը հետևող ռեստորաններ, որոնք չունեն եկամուտների խնդիր, հակառակը՝ դրանց սրահները միշտ լեփլեցուն են։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտել է, որ անհրաժեշտ է ժամանակ տալ բիզնեսին և հանրությանը փոփոխություններին ադապտացվելու համար։

Նա նշել է, որ նմանատիպ օրենքները հանգիստ ընդունվել են, սակայն ուժի մեջ մտնելու պահին նորից հետաձգվել։

“Կարևոր է, որ բոլոր պետական կառույցներն ամենօրյա աշխատանք տանեն հանրությանը օրենքն ուժի մեջ մտնելուն նախապատրաստելու ուղղությամբ”,- ասել է Փաշինյանը։

Նա նաև առաջարկել է կազմել այդ սկզբունքներին հետևող ռեստորանների ցանկ և ուսումնասիրել դրանց շահույթն ու վճարվող հարկերի ծավալն, ապացուցելու, որ ծխախոտի դեմ պայքարը պարտադիր չէ, որ հանգեցնի փակման և սննկացման։

“Մեր կառավարությունը երևի ամենաչծխող կառավարություններից մեկն է․ կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում, հաճելի է, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, չգիտեմ, ինչպիսին է իրավիճակը իրավապահ մարմիններում, բայց ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում”,- կատակել է Փաշինյանը:
Նա անվանել է իրավիճակն օրինակելի և կարծիք հայտնել, որ հենց այս կառավարությունը պետք է ընդունի այդ օրենքը։
“Ես ինքս ծխող եմ եղել, բայց թողել եմ այդ սովորությունը 2004 թվականին։ Շատ երկրներ են կիրառում նման մոտեցումներ, և դա չի հանգեցրել կոլապսի, սակայն կան հետազոտություններ, որ որքան քիչ է ծխողների թիվը երկրում, այնքան բարձր է տնտեսական աճն, իսկ իմ օրինակի վրա եմ զգում, որ աշխատունակությունս բարձրացել է”,-ասել է Փաշինյանը։
Ի պատասխան այն հարցին, արդյո՞ք դա չի անդրադառնա հարկերի հավաքագրման վրա, հաշվի առնելով որ միայն 2018թ․ արտադրողներն ու ներկրողները վճարել են պետբյուջե 97 մլրդ դրամ՝ վարչապետը պատասխանել է, որ կասկածում է։
“Հաշվի առնելով, որ Հայաստանի ծխախոտի խոշոր արտադրողներից մեկը զբաղվում է նաև շոկոլադի և քաղցրավենիքի արտադրությամբ, նրանք կարող են ակնկալել վաճառքի աճ, քանի որ ծխողները ծխելը թողնելուց հետո կսկսեն ուտել շոկոլադ, պաղպաղակ և տորթեր”, - ասել է Փաշինյանը:
Իր հերթին, առողջապահության նախարարն ընդգծել է, որ ծխելու հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունները բյուջեին արժենում են շուրջ 80մլրդ դրամ, և այս ծախսերից կարելի է խուսափել, եթե հաջողվի ծխողների թիվը կրճատել տարեկան գոնե 1 տոկոսով։