Բավ է պառակտվել
12-01-2021 13:29

Հայաստանը բանակցություններ է վարում COVID-19 պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող չորս արտադրողների հետ

Հայաստանի առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող չորս խոշոր արտադրողների հետ, տեղեկացրել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգայն ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Արդեն կան պատվաստանյութը ստանալու առաջարկներ, հաջորդ փուլում կորոշվեն մատակարարման ժամկետները», – ասել է նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, զուգահեռաբար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ռուսական «Սպուտնիկ V», գերմանական Pfizer&BioNTech, ամերիկյան Moderna և անգլիական AstraZeneca պատվաստանյութերի արտադրողների հետ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը վերջերս Ռուսաստանից որպես օգնություն ստացել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի սահմանափակ քանակ։ «Այս չորս պատվաստանյութերի հարցում հստակ կան փորձարկումների և կլինիկական հետազոտությունների արդյունքներ։ Մեզ համար հիմնական և կարևորագույն գործոնը պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետություն է», – ընդգծել է Սահակյանը։

Կենտրոնի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի գործող համաձայնագիր COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում ձեռք կբերվեն պատվաստանյութեր հանրապետության բնակիչների 10%–ի համար, խոսքը ռիսկի խմբի ներկայացուցիչների մասին է։ «Դժվար է ասել, թե այս 4 պատվաստանյութից որն ավելի շուտ կմատակարարվի, խնդիրը կապված է լոգիստիկայի հետ։

Մինչև հունվարի վերջ փետրվարի առաջին կեսը մենք արդեն կունենանք պատվաստանյութն, ու կսկսվի ռիսկի խմբի պատվաստումը», – հավելել է նա։ Հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք։ COVID-19-ից մահացել է 2941 մարդ, բուժում է շարունակում ստանալ 8393 հիվանդ։