Բավ է պառակտվել
18-11-2019 19:00

Հայ նյարդավիրաբույժները կաթվածի վտանգը կանխող բարդ վիրահատություն են կատարել

 
“Հերացի” հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Լեռնիկ Գրիգորյանը օրերս հաջող կատարել են ուղեղի զարկերակի անևրիզմի կլիպավորում, տեղեկացրել է ՀՀ Երևանի պետական բժշկական համալսարանի մամլո ծառայությունը։

Տարեսկզբին շտապ օգնության մեքենայով Առաջին համակսարանական հիվանդանոց էր տեղափոխվել հիվանդ՝ գլխուղեղի կաթվածի կասկածով։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ կաթված։ Սևակ Բադակյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվել էր իրականացնել անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա և փրկել հիվանդի կյանքը։

Հաջորդ ամիսների ընթացքում կատարված պարբերական հետազոտությունները ցույց են տվել, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում բաց վիրահատական միջամտությամբ։

 

Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում անևրիզմայի վզիկը կլիպավորվել է, և այն այլևս չի կարող կաթվածի պատճառ հանդիսանալ։

Հիվանդի վիճակը բավարար է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին։
Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է արյունով լցված փոքր պարկ: Ուղեղի անոթների անևրիզման բավականին տարածված հիվանդություն է: Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է. պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ, ինչն անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ է:
Անևրիզմայի առաջացման պատճառներն են՝ ծխելը, բարձր ճնշումը, ժառանգականությունը. որոշ մարդիկ ծնվում են ուղեղի անոթների թուլացած պատով։