Բավ է պառակտվել
10-12-2019 16:10

Հայ բժիշկներն իրականացրել են միզապարկի արմատական հեռացման բարդ վիրահատություն

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքում իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը․ բժիշկները մեկ փուլով հեռացրել են պացիենտի միզապարկը ու բարակ-աղիքային “նոր միզապարկ” (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) են ձևավորել։
Ինչպես տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանում նման վիրահատություն իրականացվում է ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկն ՈւԱԿ-ն է։
Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։
Օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով ՈւԱԿ-ում լայնորեն կիրառվում են միզապարկի նորագոյացությունների բուժման հաստատված բոլոր մեթոդները (օրգանի պահպանմամբ կամ հեռացմամբ)։
Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Հակացուցումների բացակայության դեպքում բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային “նոր միզապարկի” (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:
Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է “նոր միզապարկ” (նեոցիստ): Դրանից հետո կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի բերանակցումներ։
Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում անցկացվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո “նոր միզապարկի” ձևավորումն ապահովում է առանց կաթետերների բնականոն կյանքի որակ:
“Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ”,- նշվել է հաղորդագրությունում։ 

 

Արմինե Գևորգյան