Բավ է պառակտվել
08-06-2019 00:01

Մարդ՝ մեծատառով. Սպարտակ Օհանյանի հիշատակին

Մեկ տարի առաջ հայկական ակնաբուժությունն անդառնալի կորուստ կրեց՝ կյանքից հեռացավ բոլորի կողմից մեծապես հարգված և սիրված բժիշկ, Հայաստանում լազերային ակնաբուժության հիմնադիր Սպարտակ Օհանյանը:
Սպարտակ Օհանյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 6-ին։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, որը 1980թ․ավարտելուց հետո անցել ինտերնատուրա Երևանի թիվ 4 քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում։ 1981-83թթ աշխատել է Արարատ քաղաքի բուժսանմասում որպես բժիշկ-ակնաբուժ։
1983 թվականից սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը Երևանի հանրապետական աչքի կլինիկական հիվանդանոցում որպես բժիշկ-ակնաբուժ։
Խորացնելով իր գիտելիքները, բժիշկ Օհանյանը մասնագիտացել է լազերային ակնաբուժության ոլորտում՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրն ու առաջին մասնագետը Հայաստանում։ Ավելին, 1986 թվականին նա ստեղծել է Հայաստանում առաջին “Լազերային ակնաբուժության կենտրոնը” Հանրապետական Աչքի կիլինիկակակն հիվանդանոցի հիմքի վրա՝ ստանձնելով կենտրոնի ղեկավարի պատասխանատու և դժվարին աշխատանքը։
1988թ․ երկրաշարժից հետո Սպարտակ Օհանյանն առաջիններից մեկն է եղել, ով մեկնել է աղետի գոտի ևուրջ մեկ ամիս վրանային պայմաններում բուժօգնություն տրամադրել բնակչությանը։
1994-1999թթ բժիշկ Օհանյանն ղեկավարել և անձամբ մասնակցել է շաքարախտով հիվանդների լայնամասշտաբ հետազոտմանը Սենտ-Վինսենտի 1999թ․դեկլարացիային համապատասխան՝ աչքի հատակի սկրինինգ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի շրջանակներում։
2003թ-ից նա ակտիվորեն մասնակցել է ամերիկյան բարեգործական EyeCare Project ծրագրի շրջանակներում իրականացվող AECP Mobile Eye Hospital առաքելությանը Հայաստանի մարզերում և Արցախում, անձամբ կատարելով առաջին լազերային վիրաբուժական միջամտությունը շարժական հիվանդանոցում։
Իր մասնագիտական կյանքի ընթացքում Սպարտակ Օհանյանն ուսուցանել և վերապատրաստել է երիտասարդ սերնդի մի ստվար բանակ լազերային ակնաբուժության ոլորտում։
Սպարտակ Օհանյանը անդամակցել է Հայաստանի ակնաբույժների գիտական կազմակերպությանը, հրապարակել է 10-ից ավելի գիտական աշխատանք դիաբետիկ ռետինոպատիայի թեմայով։
Սպարտակ Օհանյանն իր կարճատև, բայց հագեցած կյանքը նվիրել է սիրելի մասնագիտությանը, և լարված, տքնաջան աշխատանքը հանգեցրել է գերազանց արդյուների։ Ո՞վ կարող է հաշվել այն մարդկանց թիվը, ում տեսողական խնդիրները հաջողվել է լուծել նրա հիմնդրած Լազերային ակնաբուժության կենտրոնում, քանի՞ երիտասարդ մասնագետի է նա փոխանցել իր գիտելիքներն ու հայկական ակնաբուժության ներկայի և ապագայի համար իրոք անգնահատելի փորձը։ Սրա հետ մեկտեղ, նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվել միայն մասնագիտությամբ։ Լինելով բազմակողմանիորեն կրթված և զարգացած մարդ, նա գերազանց տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանն, անչափ հետաքրքիր զրուցակից էր, և, պատահական չէ, որ մարդիկ միշտ ձգվում էին դեպի նա։
Կյանքը, երբեմն, դավաճանաբար անարդար ու դաժան է գտնվում լավագույնների նկատմամբ։ “Անփոխարինելի մարդիկ չկան” երկմտելի արտահայտությունն առավել անընդունելի է այս դեպքում։ Հրաշալի զավակ, ամուսին, հայր, եղբայր, նեցուկ բոլոր մերձավորների համար․այսպիսինն էր Սպարտակ Օհանյանը, և անփոխարինելի իր ընտանիքի, նաև՝ ընկերների, գործընկերների, ուսանողների համար․․Կորուստն, իսկապես, անդառնալի է, անդառնալի ոչ միայն բժշկական աշխարհի, այլև հասարակության համար, որտեղ ավելի ու ավելի սուր է զգացվում վառ մարդկանց պակասը։ Իր արաքների ու զգացմունքների մեջ անսահման առատաձեռն, խելացի, խորաթափանց, մինչև կյանքի վերջին վարկյանն իրեն ուղեկցող մեղմ հեգնանքի և անհավանական հումորի զգացումունքով , արի, ոգով ուժեղ, իր սկզբունքներին չդավաճանող, միևնույն ժամանակ՝ անչափ բարի, կենսասեր, ընտանիքին նվիրված մարդ, հավատարիմ ընկեր՝ միշտ պատրաստ ձեռք մեկնելու օգնության կարիք ունեցողին՝ այսպիսին նա կմնա բոլոր նրանց հուշերում, ում բախտ է վիճակվել այս կյանքում ճանաչել նրան, լինել ընկերը կամ պարզապես շփվել այս բացառիկ մարդու հետ։