Բավ է պառակտվել
18-11-2018 14:41

Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր մարդ ատամների առողջության մասին․ատամնաբույժի խորհուրդները

Ատամները պետք է մաքրել ամեն կերակուր ընդունելուց հետո, առնվազն երեք րոպե, քաղցրավենիքն առաջացնում է կարիես, էմալի սպիտակ գույնը դեղինից լավ է ... Մենք գիտենք այս բոլոր ճշմարտությունները մանկուց, բայց միգուցե մասնագետներն ա՞յլ կարծիք ունեն:

Դարերից ի վեր ամուր ատամներն առողջ օրգանիզմի նշան են եղել, և հենց ատամների էսթետիկական գեղեցկության շնորհիվ է, որ անգամ հասուն հասակում մարդիկ երիտասարդ են թվում, մենք կարողանում ենք անկեղծ ժպտալ և լինել վստահ՝ առանց ճնշվածության զգացողության տարբեր հանգամանքներում։ Այդ դեպքում ինչու՞ մարդկանց մեծամասնությունը չի այցելում ատամնաբույժին: Եվ ինչո՞վ է հղի ատամների առողջությանը չհետևելը: “Ընտանեկան ստոմատոլոգիական կլինիկայի” ("Family Dental Clinic") ատամնաբույժ Արմեն Ավետիսյանը Gisher.news- ին պատմել է այս և մեզ հուզող այլ հարցերի մասին:

- Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի հիվանդն առաջին անգամ ատամնաբույժի կաբինետ այցելելիս:

- Եթե ես լինեմ հիվանդն, առաջին հերթին ուշադրություն կդարձնեմ կլինիկայի մաքրությանը, քանի որ դրանից շատ բան է կախված, և ապա նոր՝ ինչպես են նրանք դիմավորում ինձ, և ինչպես է բժիշկը խոսում ինձ հետ:

- Ո՞րն է ատամնաբույժին այցելելու հետ կապված վախի պատճառը, և ինչպե՞ս հաղթահարել այն:

- Կարծում եմ, դա որոշակի խորհրդային ժառանգություն է: Նախկինում բոլոր խնդիրները փորձել են լուծել վիրաբուժական ճանապարհով, այն ժամանակ պարզապես չկային ներկայիս հնարավորությունները: Բացի այդ, ես առաջնային եմ համարում ծնողների և երեխայի միջև հարաբերությունները, հաճախ եմ լսում երբ մայրը, չարաճճիություն արած երեխայի վրա բարկանալիս ասում է, որ կտանի նրան բժշկի մոտ և նրան կսրսկեն։ Դաստիարակության այս այս մեթոդը նպաստում է միայն երեխաների մոտ վախի առաջացմանը: Ես սա հաճախ եմ նկատում, և զգուշացնում եմ ծնողներին, որ այդպես չի կարելի, դրանով դուք վնասում եք երեխաներին, նրա մեջ վախ եք առաջացնում, վաղ թե ուշ ձեր երեխան կհայտնվի ատամնաբույժի աթոռին և ի՞նչ կլինի այդ ժամանակ:

- Որքա՞ն հաճախ է հարկավոր այցելել ատամնաբույժին:

- Բարեբախտաբար, Հայաստանում աստիճանաբար ձևավորում է կանխարգելիչ հետազոտություն անցնելու համար կես տարին մեկ ատամնաբույժին այցելելու մշակույթը: Ատամնաբույժին այցելելու հաճախականությունը հիմնականում կախված է այն բանից, ինչպիսի կյանք է վարում տվյալ անձը: Հիմա հասարակության մեջ կա երկու ծայրահեղություն, մարդիկ չեն գնում բժշկի, ծախսերից խուսափելու պատճառով, և կան մարդիկ, ովքեր մեծ գումարներ են ծախսում հեռախոսի համար, իսկ ատամների վիճակն ավելի լավն է թողնում ցանկանալ:

- Ինչպե՞ս պետք է ճիշտ մաքրել ատամները:

- Ատամները պետք է մաքրել առավոտյան և երեկոյան: Շարժումը պետք է լինի վերևից ներքև, ինչը թույլ կտա, որ սննդամթերքի մնացորդները և մանրէները չկուտակվեն լնդային գրպանիկում: Խոզանակից բացի նաև հարկավոր է ունենալ և ամեն ուտելուց հետո օգտագործել ատամի թելը (ֆլոս): Այն մաքրում է ոչ միայն սննդի մնացորդներն, այլև միջատամային տարածքը: Շատերն ատամի փայտիկներ են օգտագործում, չհասկանալով, որ դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան՝ օգուտ։ Ինչ վերաբերում է տևողությանը, բժիշկները խորհուրդ են տալիս առնվազն երեք րոպե նվիրել առավոտյան և երեկոյան ատամների մաքրմանը, բայց ես չեմ կարծում, որ բոլորը հետևում են այս առաջարկին, ուստի խորհուրդ եմ տալիս մաքրմանը պարտադիր առնվազն մեկ ու կես րոպե տրամադրել: Բացի այդ, հանդիպում են մարդկիկ, ովքեր ատամները մաքրում են միայն առավոտյան: Ես սա բացարձակապես սխալ եմ համարում, ատամներ մաքրելը ոչ միայն թարմ շունչ է, այլ նաև առողջ ապրելակերպ: Երեկոյան ատամներ մաքրելը պարտադիր է, մարդիկ առնվազն 7 ժամ քնում են, և եթե ատամները չեն մաքրվում, օրվա ընթացքում ընդունած ամբողջ սնունդը, բոլոր մանրէները հավաքվում են նրանց վրա և սկսվում է կարիես: Պարտադիր է նաև լվանալ լեզուն, քանի որ այն անհարթ է, ինչի հետևանքով մանրէները կառչում և մնում են լեզվի վրա:

- Ո՞րն է բերանի խոռոչից տհաճ հոտի պատճառը:

-Առավոտյան արթնանալիս մարդիկ պետք է ուշադիր լինեն, մեզանից յուրաքանչյուրն ունի բերանի խոռոչի յուրահատուկ հոտ: Բայց յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին պարզել պատճառը: Դա կարող է կապված լինել ինչպես անառողջ ատամների, այնպես էլ՝ ստամոքսի հետ:

- Հնարավո՞ր է ինչ-որ կերպ նվազեցնել կամ վերացնել հոտն, օրինակ՝ եթե դա կապված է ատամների հետ, թե պարտադի՞ր է այցելել ատամնաբույժին:

- Տհաճ հոտի առաջացման պատճառ են հանդիսանում բերանի խոռոչի ոչ պատշաճ հիգիենան, կարիեսը, լնդերի բորբոքումը: Կարիեսի հետևանքով առաջացած խոռոչում մնում են փտած ատամի մասնիկներ, սննդի մնացորդներ, որի պատճառով առաջանում է տհաճ հոտ: Տհաճ հոտի իրական պատճառը որոշելու համար հարկավոր է այցելել ատամնաբույժին:

- Եթե հնարավոր է, թվարկեք տնային պայմաններում տհաճ հոտը վերացնելու միջոցները:

-Ինչպես արդեն ասացի, բերանի խոռոչից տհաճ հոտն ունի իր պատճառները, որոնք վերացնելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ, և տանը ձեռնարկած ցանկացած միջոց ժամանակավոր ազդեցություն կունենա։

- Արդյո՞ք հղիության ընթացքում ատամնաբույժին այցելությունը կարող է վնասել պտղին:

-Ամեն ինչ կախված է հղիության ընթացքից: Մեր կողմից օգտագործվող անզգայացնող միջոցները պարունակում են մեծ քանակությամբ ադրենալին, էպինեֆրին: Այն առաջացնում է արյան անոթների սպազմ, որը կարող է բավականին երկար տևել՝ կախված հիվանդին ներարկված դեղամիջոցի չափից: Այս սպազմի արդյունքում նվազում է արյան մատակարարումը պտղին, և նա ստանում է ավելի քիչ թթվածին, ինչն, իհարկե, ծայրահեղ դեպք է, սակայն նման խնդիրներ հնարավոր են: Այսպիսով, անպայման, երբ զույգը պլանավորում է երեխա ունենալ, անհրաժեշտ է կանխարգելիչ քննություն անցնել ատամնաբույժի մոտ, և եթե առկա են խնդիրներ, դրանք պետք է վերացնել՝ համապատասխան բուժում անցկացնելով։ Եթե ատամը սկսվում է ցավել հղիության ժամանակ և անհրաժեշտ է ատամնաբույժի միջամտություն՝ ձեր ատամնաբույժը պետք է խորհրդակցի ձեր գինեկոլոգի հետ, և, հակացուցումների բացակայության դեպքում՝ ատամը բուժվում է, հակառակ դեպքում գինեկոլոգը նշանակում է դեղամիջոցներ, որոնք պաշտպանում են պտղի կենսունակությունը և միայն դրանից հետո ատամնաբույժը կարող է սկսել բուժումը:

-Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում իմպլանտներին։

-Իմպլանտը տեղադրվում է բացակայող ատամի տեղում։ Այն ունի մի շարք առավելություններ, չի վնասում հարակից ատամներին։

- Որքա՞ն է իմպլանտի արմատավորման համար անհրաժեշտ ժամանակը: Ինչի՞ն պետք է պատրաստ լինի հիվանդը:

- Իմպլանտի արմատավորման ընթացքը կախված է տարբեր պատճառներից՝ կախված ծնոտի որ մասում է այն տեղադրված։ Բացի դրանից, մեծ նշանակություն ունի ոսկրային հյուսվածքի հաստությունը, լինում ենք բարդ դեպքեր, երբ վերականգնումը երկար է տևում։ Լինում են դեպքեր, երբ օրթոպեդիկ փուլն, այսինքն կերամիկական ատամնաշապիկի տեղադրումն իրականացվում է անմիջապես իմպլանտի տեղադրումից հետո, այսպես կոչված՝ անմիջապես ծանրաբեռնվածություն։ Սակայն հիմնականում, ատամնաշապիկները դրվում են իմպլանտի արմատավորումից 3-5 ամիս անց։

- Անհրաժե՞շտ է հեռացնել իմաստության ատամներն անմիջապես ծկթումից հետո:

-Անձամբ ինձ համար ութերորդը մնացածի նման նորմալ ատամ է։ Եթե կա ութերորդի անտագոնիստ ատամը, եթե երկուսն էլ ուղիղ են դուրս եկել, ապա դրանք նորմալ ատամներ են և մասնակցում են ծամելու ամբողջ պրոցեսին՝ չի կարելի այդ ատամները հեռացնել։ Բժշկական ցուցումների բացակայության դեպքում դրանք կարելի է բուժել, ատամնաշապիկներ և ատամնակամուրջ տեղադրել։ Խոսակցություններն այն մասին, որ իմաստության ատամները փչացնում են ատամնակծվածքը՝ բացարձակ անհեթեթություն են։ Անգամ եթե իմաստության ատամը պառկած է, կամ ծուռ է ծկթել, այն հարակից ատամները տեղաշարժելու բավարար ուժ չունի։ Չեմ կարող ասել, որքանով է բիզնես հանդիսանում Ռուսաստանում տարածված իմաստության ատամների համատարած հեռացումը, բայց ես դեմ եմ դրան, ես ընդհանրապես դեմ եմ ատամները հեռացնելուն, եթե դրանք կարելի է բուժել։ Անգամ եթե օրթոպեդներն ինձ մոտ են երեխաներ են ուղարկում 4 ատամը հեռացնելու համար՝ ես դա չեմ անում։

-Այսինքն, Դուք կարող եք օգնե՞լ, որ “իմաստության ատամն” անցավ աճի։ Հեռացնե՞լ, օրինակ՝ բորբոքված լինդը։

-Այո, ինձ համար դա սովորական խնդիր է, որը հաճախ է հանդիպում մարդկանց մոտ: Իմաստության ատամը շատ դժվար է ծկթում և, հիմնականում, ուղեկցվում է ցավով, այդ ցավի պատճառներից մեկն այն է, որ լինդը լիովին բացված չէ: Եվ այս խնդիրը հնարավոր է հեշտ լուծել, և ցավն անմիջապես կանցնի:

-Ո՞րն է ատամների կրճտոցի կամ բրուկսիզմի պատճառը

- Այդ երևույթը լինում է մի քանի դեպքում․ կարող է կապված լինել նյարդերի հետ, շատ մասնագետներ կապում են այն ճիճու ունենալու հետ, նման խնդիր կարող է առաջանալ սխալ պրոթեզավորման, այսինքն՝ սխալ ատամնակծվածքի հետևանքով, սխալ պատրաստված պրոթեզների կամ կերամիկական ատամնակամուրջների պատճառով։


-Դա բուժվու՞մ է։

-Այո, բրուկսիզմը բուժվում է, օրինակ՝ կապայի կամ դողերի միջոցով։

- Ո՞րն է ատամների դեղին գույնի պատճառը։

- Դա, հիմնականում, գենետիկ հակում է։

-Այսինքն, այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են սուրճը և ծխախոտը չե՞ն ազդում գույնի վրա։

- Ընդհակառակն, արտաքին գործոններն, ինչպիսիք են սուրճը, ծխախոտը, կոկա-կոլան, անշուշտ, ազդում են ատամների գույնի վրա, բայց ատամների պրոֆեսիոնալ մաքրման օգնությամբ կարել է արագ վերադարձնել ատամների բնական գույնը:

-Ձեր վերաբերմունքը սպիտակեցմանը և վինիրներին։

- Սպիտակեցումը չի վնասում, դա ընդամենը մշտապես կրկնվող գործողություն է, չի կարելի մեկ անգամ սպիտակեցնել ատամները և մոռանալ դրա մասին: Վինիրների օգտագործումն արդեն ուղղակի ազդեցություն է ատամների վրա: Հարկավոր է էմալի բարակ շերտ հեռացնել՝ կախված հաճախորդի կողմից ակնկալվող արդյունքից: Վնասն այն է, որ մարդը կորցնում է ատամի առողջ կառուցվածքը գեղեցիկ, բայց ոչ բնական ատամներ ձեռք բերելու դիմաց:

- Արդյո՞ք քաղցրը վնաս է ատամներին:

- Ոչ, քաղցրը չի վնասում ատամներին: Դրանց ավելի մեծ վնաս է հասցնում վատ հիգիենան: Այսինքն, եթե մարդը քնելուց առաջ քաղցր է ուտում՝ պետք է չզլանա և նորից մաքրի ատամները: Բանն այն է, որ մանրէներն ավելի շատ հավաքվում են քաղցր միջավայրում, այն ավելի գայթակղիչ է նրանց համար: