Բավ է պառակտվել
22-10-2021 12:03

Պատվաստումների օր Երևանում

Հայաստանի առողջապահության նախարարությունը և մայրաքաղաքի քաղաքապետարանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում կկազմակերպեն Պատվաստումների օր։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, «Պատվաստումների օրը Երևանում» միջոցառման շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

«Պատվաստում կիրականացվի Հայաստանում կիրառվող բոլոր տեսակի պատվաստանյութերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում 18 տարեկանից բարձր անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների համար պատվաստումներն անվճար են և հասանելի են կամավոր հիմունքներով երկրի ցանկացած կլինիկայում շաբաթը 7 օր։ COVID-19- ի դեմ պատվաստման համար հասանելի են հետևյալ պատվաստանյութերը՝ CoronaVac և Sinofarm (Չինաստան), AstraZeneka (Բրիտանիա), Sputnik V (Ռուսաստան): Հոկտեմբերի սկզբին երկիր ստացավ նաև Moderna պատվաստանյութի խմբաքանակ՝ 50 հազար դեղաչափ, որը նվիրաբերել էր Լիտվան։

Առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստումների արշավի մեկնարկից ի վեր Հայաստանում կատարվել է 588 385 պատվաստում, որից պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 403 431 մարդ, երկրորդը՝ 184 954։