Բավ է պառակտվել
18-12-2019 17:50

Ապօրինի որդեգրման գործի շրջանակներում ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրենը և “Երևանի մանկան տան” ղեկավարը

Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկացնում է “Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատուն) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանի և “Երևանի մանկան տուն” ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի ձերբակալության մասին:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Նաիրա Հարությունյանը, նշված անձիք ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու և օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Տեղեկացվել է, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեխաների առևտրի փորձ), մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է։

Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդել էր նորածինների ապօրինի որդեգրման հանցավոր սխեմայի բացահայտման մասին, որով Իտալիայի քաղաքացիները ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով հայ երեխաներ են որդեգրել։

Համաձայն ներկայացված մանրամասների, 2016-2018թ.թ. մի քանի ծննդատների աշխատակիցներ համոզել են տասնյակից ավել պացիենտների, որ նրանց նորածինները տառապում են ծանր հիվանդություններով և հոգեբանական ճնշում գործադրելով՝ ստիպել են հրաժարվել երեխաներից ու ստորագրել որդեգրման հանձնելու համաձայնությունը։

Աբրահամյանը ներգրավված է որպես մեղադրյալ նաև մեկ այլ քրեական գործի՝ առողջապահության նախկին փոխնախարար Ա․Դ-ին խոշոր չափի կաշառք (3 հազար դոլար) տալու շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ նախկին փոխնախարարը կաշառք է ստացել ծառայողական գծով հովանավորչության և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշ գործողություններում օգնություն ցուցաբերելու համար: Խոսքը գնում է Հանրապետական հիվանդանոցի 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելու, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափն ավելացնելու և այլ ֆինանսական բնույթի հարցերի մասին։