Բավ է պառակտվել
16-01-2020 18:35

Եղվարդի ծննդատունը մեկ տարի էլ կգործի,իսկ Աչաջրի ֆինանսավորումը կդադարեցվի․նախարար

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետ կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը:
«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինությունններ, սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը: Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործին՝ նշելով, որ իր գլխավորած գերատեսչությունը լիազորությունների շրջանակներում կանոնակարգում է ծննդօգնության ծառայությունների մատուցումը։
«Իհարկե, դրա մեջ նաև ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները։ Նաև հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դին»,– ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ գործի շրջանակում կան դրվագներ, որ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին։
«Մենք նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնենք»,- նշեց նա։

Հիշեցնենք` 2018 թ–ի նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։
Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Արմինե Գևորգյան