Բավ է պառակտվել
29-01-2020 15:01

Երկու չինացի գտնվում են Հայաստանի բժիշկները հսկողության տակ


«2019 թվականի նոր կորոնավիրուս» (2019-nCoV)–ը, որը Չինաստանում արդեն 106 հոգու մահվան պատճառ է դարձել, շարունակում է տարածվել: Հայաստանը դեռեւս չունի այս վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Պատճառն այն է, որ մեր երկիրը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնություն ունեցող՝ Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթներ չկան: Թեստերը նախ տրամադրվում են այն երկրներին, որոնք ունենք դրա կարիքը: Մեր տարածաշրջանի երկրները նույնպես չունեն նման հնարավորություն:
Նա նաև նշեց, որ հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում։ Ըստ մասնագետի՝ մահացու ելքերն արձանագրվել են այն հիվանդների մոտ, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։

«Այսինքն՝ սա կարելի է նմանեցնել գրիպին, ուստի բոլոր կանխարգելիչ միջոցառումներն այս դեպքում կիրառելի են»,- ասաց Լիանա Թորոսյանը
Մասնագետը քաղաքացիներին կոչ արեց հետևել ձեռքերի հիգիենային, օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվանալ ձեռքերը՝ դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ: Նա նաև խորհուրդ տվեց գոնե երկու ամիս սահմանափակել այցելությունները դեպի Չինաստան։
Այս պահին Հայաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության տակ են գտնվում Չինաստանի երկու քաղաքացիներ: Լիանա Թորոսյանը նշեց,որ նրանց հետ ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիներն անցել են եռակի ջերմաչափում, խնդիրներ չեն եղել, միայն 2 չինացիներն են տեղափոխվել հիվանդանոց: Այժմ երկուսի ինքնազգացողությունը բավարար է:
«Վարակի հայտնաբերման հետ կապված խնդիրը մի փոքր կարող է բարդանալ, քանի որ ցուրտ է եւ գրիպի սեզոն: Այս օրերին Հայաստանի բժշկական հաստատություններ են դիմել մի շարք քաղաքացիներ, սակայն նրանց մոտ այլ՝ գրիպանման վիրուսներ են հայտնաբերվել»,–ասաց Թորոսյանը:
Նշենք, որ այս պահին Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածում է գտել նոր տիպի կորոնավիրուսի վարակը, նախնական տվյալներով, կա 5-6 ՀՀ քաղաքացի։ Նրանցից 3-ը ուսանող են, 2-3-ը պայմանագրային հիմունքներով աշխատողներ։
Լիաննա Թորոսյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է նրանց հետ. «Մենք էլ ԱԳՆ-ի հետ ամենօրյա աշխատանքային քննարկումներ ենք ունենում, դեռևս որևէ խնդիրներ չունենք։ Նրանք տանից դուրս չեն գալիս, հետևում են նաև սննդակարգին»:
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Ինկուբացիոն շրջանը 14 օր է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տվյալների համաձայն՝ Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք: Այլ տվյալներ է փոխանցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով հանձնաժողովը՝ 5997 հաստատված դեպքից 132 մահ:
Դեպքեր են արձանագրվել նաեւ 15 այլ երկներում, այդ թվում Ֆրանսիայում եւ Գերմանիայում:

 

 

Արմինե Գևորգյան