Բավ է պառակտվել
18-07-2017 13:05

Երևանի արյունաբանական կենտրոնը հիվանդությունների ախտորոշման և բուժման համար նոր մեթոդներ կկիրառի

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն ու Հայաստանի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսօր՝ հուլիսի 18-ին, համագործակցության հուշագիր են ստորագրել:
« Բժշկությունը ոչ միայն պրակտիկ գործունեություն է, այլ նաև գիտություն է: Առանց բժիշկի և կենսաբանի, բժիշկի և գիտնականի միջև կապի Հայաստանում շատ բարդ է առողջապահության ոլորտը զարգացնելը: Այսօր մենք համագործակցություն ենք սկսում Հայաստանի առաջատար գիտական կենտրոններից մեկի հետ, և քանի որ արյան հիվանդություններից շատերի պատճառը գենետիկ մուտացիաներն են, մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում հիվանդություններն ախտորոշելու, և բուժման նոր մեթոդներ ներդնելու համար»,- այս մասին լրագրողներին հայտնել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը:
Նրա խոսքերով, համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների բնագավառը, ինչպես նաև կնպաստի հայկական և միջազգային գիտական կենտրոնների միջև կապի խորացմանը, քանի որ Հայաստանում հանդիպում են այնպիսի հիվանդություններ, որոնք տարածվածության ցածր մակարդակ ունեն, ինչն էլ թույլ չի տալիս գիտական հետազոտություններ իրականացնել:
«Գենի սեգմենտավորումը՝ մասնավորապես ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում թույլ է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում տալ մոլեկուլային մակարդակում, քանի որ այսօր արտադրվող դեղամիջոցներն ունեն մոլեկուլային, այսպես կոչված՝ թիրախային ազդեցություն: Հետևաբար, հիվանդի մոտ տվյալ արատի բացահայտումը մեզ թույլ կտա ավելի թիրախային բուժում նշանակել և մենք կկարողանանք բուժման ավելի արդյունավետ մեթոդ կիրառել»,- նշել է Դաղբաշյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանն էլ հավելել է, որ կենտրոնը կարող է նաև որոշել գենետիկական փոփոխություններով ռիսկային խումբը, ինչպես նաև այն գենետիկական փոփոխությունների բացահայտելու հնարավորություն ընձեռել, որոնց ժամանակ հիվանդը դառնում է փոփոխության հանդեպ դիմացկուն, և այլն: