Բավ է պառակտվել
20-04-2021 09:41

ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի համավարակը վերահսկողության տակ վերցնելու ժամկետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի վերահսկողության տակ վերցնել COVID-19 կորոնավիրուսի համավարակը։ Նրա խոսքերը մեջբերել է կազմակերպության մամլո ծառայությունը։
«Մենք գործիքներ ունենք այդ համավարակը վերահսկողության տակ առնելու մի քանի ամսվա ընթացքում, եթե մենք դրանք կիրառենք հետևողականորեն և հավասարակշռված»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ նա անհանգստություն Է հայտնել ամբողջ աշխարհում 25-59 տարեկան անձանց շրջանում COVID-19-ի տարածման տեմպերի առնչությամբ: «Հնարավոր է, դրա պատճառը բարձր փոխանցելիություն ունեցող տարբերակները և երիտասարդների շրջանում սոցիալական շփումներն են»,- կարծիք է հայտնել Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ COVID-19-ով վարակվածության նոր դեպքերն ութերորդ շաբաթն անընդմեջ աճում են ամբողջ աշխարհում։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է այդ ցուցանիշի ռեկորդ՝ ավելի քան 5,2մլն դեպք։
Ապրիլի 18-ին Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է, որ կորոնավիրուսից հիվանդացության և մահացության աճով պայմանավորված կազմակերպությունը համաճարակի հետ կապված իրավիճակը գնահատում է տագնապալի: «Այժմ մենք տեսնում ենք, որ յոթ շաբաթ անընդմեջ աճում է նոր դեպքերի քանակը և չորս շաբաթ՝ մահվան դեպքերինը: <...> Սրանք տագնապալի միտումներ են, քանի որ մենք շարունակում ենք տեսնել վիրուսի տարբերակների առաջացման, սահմանափակող միջոցների վերացման և երկրների միջև պատվաստանյութերի անհավասար բաշխման ազդեցությունն», - ասել է նա:

Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 141 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 3 միլիոն մարդ: Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանը ներկայացնում է նման տվյալներ. 141,8 միլիոն հիվանդացած և 3 միլիոն 027 հազար 182 մահ: