Բավ է պառակտվել
01-07-2020 14:48

Հայկական արտադրության ՊՇՌ թեստերը շուտով կկիրառվեն․Արսեն Առաքելյան

Կորոնավիրուսը ախտորոշող` հայկական արտադրության ՊՇՌ թեստերը շուտով կկիրառվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Վերջինս խոսքով սպասում են Առողջապահության նախարարության թույլտվությանը՝ թեստերը կիրառության մեջ դնելու համար:
«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ։
Խոսելով որակի և արդյունավետության մասին՝ նա վստահեցրեց, որ դրանք 98 տոկոսով համընկնում են ներկրված թեստերի հետ։
Նշենք, որ Նախարարությունն արդեն երեկ գրությունն առաքել է ինստիտուտ, որից հետո սկսվելու է թեստերի տրամադրումը նախարարությանը, որն էլ պետք է թեստերը բաշխի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներին:
Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը համագործակցում է Շվեյցարիայի եւ Չինաստանի գործընկերների հետ, եւ ինչպես ասաց ինստիտուտի տնօրենը, թեստերի արտահանման հարց այս պահին չեն քննարկում, քանի որ դրանք պետք է անցնեն սերտիֆիկացիայի եւ գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրությունը ՀՀ-ում չի գործում:
Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվել էին մարտին կեսերին, աշխատանքը սկսվել է գիտական գրականությունների եւ առկա ուղեցույցների վերլուծությունից եւ հնարավոր տարբերակների մշակումից. «Բուն ֆիզիկական թեստերի մշակման աշխատանքները սկսվեցին մայիսի 14-ից, երբ ժամանեց մեզ անհրաժեշտ նյութերի խմբաքանակը: Մենք նյութերի համար կառավարությունից ստացել ենք 250 հազար դոլար, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ: Հավելյալ ֆինանսավորում չենք ստացել, այդ աշխատանքներն իրականացվում են գիտական հետազոտությունների համար տարեկան մեզ տրամադրվող բազային ծրագրի շրջանակներում: Եթե այլ ծախսերն էլ ավելացնենք՝ մեկ թեստի արժեքը 2.75 դոլարը չի անցնի:
Ինչ վերաբերում է 500 հազարին, որի մասին հայտարարվել է, ապա, այս պահին իրենք օգտագործել են դրա մի մասը:
Բացի սրանից, ինստիտուտն, ըստ պարոն Առաքելյանի, մեծ քանակի հետազոտություններ է իրականացնում հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով. «Դրանք կրում են տեսական բնույթ, այն կարող է ինչ որ պահի անցնի փորձարարական փուլ: Դրանք դեռեւս գիտական հետազոտություններ են»,–ասաց Առաքելյանը։

 

 

Արմինե Գևորգյան