Բավ է պառակտվել
22-09-2020 13:39

Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ հայ երեխաների մոտ դպրոցում դիմակ կրելու հետևանքով․ փորձագետ

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կտրականապես դեմ է հանդես եկել դպրոցում դիմակ կրելուն և շեշտել է, որ միջամտությունը ուսումնական գործընթացին պետք է նվազագույն լինի։

“Ես միանշանակ կողմ եմ, որ երեխաներն ու ուսուցիչները առավելագույնս ազատ զգան իրենց, չաշխատեն սթրեսային պայմաններում, իսկ երեխաները ստանան նորմալ գիտելիքներ”,- ասել է նա երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ։

Համաճարակաբանը թվարկել է նաև այն առղջական խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ուսումնական հաստատություններում դիմակ կրելու հետևանքով։

“Երեխաների մոտ կարող է սկսվել գլխացավ, գլխապտույտ, մաշկային խնդիրներ, իսկ դիմակի աղտոտվածությունը կարող է հանգեցնել կորոնավիրուսով կամ այլ վիրուսով կրկնակի վարակման”,- պարզաբանել է բժիշկը։

Հովհաննիսյանն ասել է, որ տարբեր երկրներից տեղեկություններ են ստացվում, որ դպրոցներում կորոնավիրուսի փոխանցումը հավանական է, բայց համաճարակաբանական տեսանկյունից մեծ նշանակություն չունի: «Կարող են լինել վարակումներ, բայց ոչ խոշոր բռնկումներ», - շեշտել է նա:

Ինչպես նշել է համաճարակաբանը, ավելի շուտ համաճարակը երկրում կազդի դպրոցներում իրավիճակի վրա, քան հակառակը: Ըստ նրա, կորոնավիրուսի ավելի շատ բռնկումներ լինում են, օրինակ, ճամբարներում, այսինքն այն իրավիճակներում, երբ երեխաները սերտ շփվում են:

“Եթե դպրոցներում պահպանվի սեղանների միջև հեռավորությունն, ապա, ըստ իս՝ երեխաները կարող են չկրել դիմակ դասերի ընթացքում։ Դասասենյակներն օդափոխելու, երեխաներին մաքուր օդի դուրս բերելու դեպքում ես խոշոր բռնկումների վտանգ չեմ տեսնում”,- ասել է համաճարակաբանը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վարակի առանձին դեպքեր միշտ կարող են լինել և դրանցից հնարավոր չէ խուսափել, քանի որ երեխաները միևնույն է շփվում են միմյանց հետ նաև դպրոցից դուրս:

“Դպրոցներում մեծ վտանգը սպառնում է տարեց ուսուցիչներին, նրանք պետք է պաշտպանված լինեն: Նրանց համար պետք է մշակել որոշակի գործընթաց, որպեսզի նվազագույնի հասցվի (վարակի) սպառնալիքը”, - շեշտել է Հովհաննիսյանը:

Նոր ուսումնական տարվա սկզբը COVID-19- ի համատեքստում

Ըստ սահմանված կանոնների՝ Հայաստանում նոր ուսումնական տարում առաջին դասարանցիները դպրոց գնացին սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մնացած դասարանների աշակերտների համար ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին: Աշակերտները դպրոց հաճախելու են հինգի փոխարեն շաբաթը վեց օր (երկու խմբով՝ օրը մեջ): Դասերի ընթացքում աշակերտները պետք է կրեն դիմակ:

Դպրոցներում արգելվում է անցկացնել զանգվածային միջոցառումներ (առավոտյան մանկական միջոցառումներ, կինոդիտումներ, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, ներկայացումներ և այլն): Ժամանակավորապես չեղյալ է հայտարարվել երկարօրյա խմբերի և դպրոցներում կազմակերպվող արտադասարանային խմբակների գործունեությունը:

Նախատեսվում է կիսել մեծ թվով աշակերտներ ունեցող դասարանները, որպեսզի հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորություն: Դպրոցները կապահովվեն ձեռքերի ախտահանիչ միջոցներով, իսկ դասասենյակները պետք է ախտահանվեն դասերից առաջ կամ հետո: