Բավ է պառակտվել
23-03-2020 15:46

Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանը կօգնի Հայաստանին բժշկական սարքավորումներով և հատուկ արտահագուստով

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն էրլունը հեռախոսային տեսաքննարկում են անցկացրել։ Չինաստանի դեսպանը հայտնել է Հայաստանին 100հազ դոլար ընդհանուր արժողությամբ թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքեր և բժշկական հատուկ արտահագուստ տրամադրելու իր երկրի պատրաստակամության մասին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը, քննարկել իրավիճակը երկու երկրում և տեղեկատվություն փոխանակել այս ուղղությամբ իրենց երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:

Ադոնցը շնորհակալություն է հայտնել Էրլունին Չինաստանի դեսպանության օգնությամբ Հայաստանի առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս կհասեն Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել Չինաստանի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը՝ ս.թ. մարտի 31-ը երկարաձգելու կապակցությամբ և պայմանավորվել սերտ կապ պահպանել տվյալ հարցի կապակցությամբ՝ համակարգելով երկու կողմից ձեռնարկվող քայլերը:

Ադոնցը և էրլունը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և ԹԱՕ սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: Ադոնցը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: էրլունը ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։

COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։

Մարտի 23-ի, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 194 դեպք։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։ Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով հիվանդացած երկու մարդ։