Բավ է պառակտվել
06-07-2020 13:52

Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ

Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը։
Վարակաբանի խոսքով Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգանները։
«Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայություններն այն մինիմալ նևրոլոգիական մանիֆեստացիաներն են, որոնց առկայության դեպքում առաջինը մտածում ենք կորոնավիրուսի մասին, արտահայտված թուլություններն ու մկանացավերը բոլորը մտնում են նևրոլոգիական մանիֆեստացիաների մեջ, սրանք ավելի շուտ կարող են առաջանալ, քան ջերմությունը, հազը և մնացած ախտանիշները»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:
Բժիշկը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի 80%-ն ընթանում է ասիմպտոմ, իսկ 20%-ը՝ ծանր ընթացքով, իսկ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներն առավել բնորոշ են հիվանդության ծանր ընթացքին։

«Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի խոսքով, բնական է, որ համավարակի ընթացքում սթրեսային մակարդակը բարձր է։
«Մեզ զանգել են մարդիկ, որոնք վարակված են եղել, և ունեցել են մեղքի զգացում, որ կարող է այլոց վարակած լինեն։ Այդ մեղքի զգացողությունը նաև ագրսեիվ դրսևորումներով է արտահայտվել։ Բայց նրանք ստացել են հոգեբանական աջակցություն, և մեղմացել է սթրեսային վիճակը»,- նշեց նա։
Հասմիկ Ղազինյանն էլ հավելեց, որ ցանկացած հիվանդ առաջին հերթին ակնկալում է ուշադրություն.«Եվ այն տագնապային տրամադրությունը, որ ստեղծվել է կորոնավիրուսի շուրջ, մեզ գցում է ծայրահեղությունների մեջ։ Կան մարդիկ, որ մինչև հիմա չեն հավատում COVID-19 հիվանդության գոյությանը, բայց եթե նրանք վարակվում են, ապրում են տագնապ։ Այո, կորոնավիուսային հիվանդությունը մահացության բարձր աստիճան ունի, բայց դա չի նշանակում, որ ամեն վարակված պացիենտ իր մահկանացուն կնքում է։ Եվ եթե ժամանակին մարդիկ դիմեն բժշկի, ապա կորոնավիուսային հիվանդությունը բավականին լավ կկառավարվի»։
Զախարյանն էլ նշեց, որ հիվանդության մասին տարբեր տեղեկությունները՝ այդ թվում նաև ապատեղեկատվությունը, հասարակության մոտ սրում են տագնապի զգացողությունը, ինչը դրդում է մարդուն իրականությունից կտրվել։
Ղազինյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում արտակարգ իրավիճակը կարող է ձգվել մինչև դեկտեմբեր, քանի որ մարդիկ չեն պահում արտակարգ իրավիճակի պահանջները, քանի որ դրանք մնացել են ձևական և թղթի վրա նշված։

 

 

Արմինե Գևորգյան