Բավ է պառակտվել
19-03-2020 13:10

Վարակը վտանգավոր է տարեցների համար․ Արսեն Թորոսյան

Կառավարության նիստում այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մեր երկրում կորոնավիրուսով վարակվածները 115-ն են, եւ նրանց բոլորի վիճակը բավարար է, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, նույն սկզբունքով շարունակվում է հիվանդների հոսպիտալիզացիան, նրանց հետ շփված անձանց մեկուսացումը որոշակի վայրերում, իսկ որոշ դեպքերում՝ ինքնամեկուսացումը:
«38 աստիճանից բարձր ջերմություն ունեն 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող չունեն։ 34 հոգի ունի 37 ու բարձր ջերմություն։ 60-ից բարձր տարիքի 13 հիվանդ ունեն, ոչ մեկի ջերմությունը բարձրերի մեջ չի մտնում։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ընդգծեց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ նույն տրամաբանությամբ շարունակում են հոսպիտալիզացիան. այսինքն՝ երբ հաստատված դեպք են ունենում, պահում են բժիշկների հսկողության տակ, դրանից հետո նրանց հետ շփում ունեցողների շրջանակը մեկուսացնում են հատուկ վայրերում, որոշ դեպքերում իրականացնում են ինքնամեկուսացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է տիրում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված։
Նախարարի խոսքով Արեւմտյան Եվրոպայում, վարակի դեպքերը տասական եւ երեսուն հազարի են հասել՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում. «Նորից շեշտում ենք, որ վարակը վտանգավոր է տարեցների համար՝ զուգակցված հիվանդությունների պարագայում: Երիտասարդները կարող են հիվանդանալ եւ լավանալ, բայց պիտի խուսափեն տարեցների հետ շփումներից»:
«Մենք հիմա սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»,- նշեց նա:
Դեպքերի ճնշող մեծամասնությունը հյուսիսային կիսագնդում է, պայմանավորված է ամառ-ձմեռ սեզոնով։ Թորոսյանը գրեթե վստահ է, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս, այլ հարց է՝ հայտնաբերման հնարավորությունը։

«Որոշ երկրներում հիվանդացության թվերի աճը հաճախ ոչ թե պայմանավորված է տարածման դեպքերի թվով, այլ թեստավորման հնարավորությունների ընդլայնմամբ: «Ամեն դեպքում, Հյուսիսային կիսագնդում է առավել տարածված, քան՝ հարավային կիսագնդում»: Նա նշեց նաեւ, որ հիվանդացության թեթեւ ձեւերի թվերը չեն արձանագրում. «Մեծ Բրիտանիան, օրինակ, ասում է՝ եթե ջերմություն ունես, մնա տանը, լավացի, նոր գնա գործի, այսինքն՝ այլեւս այդ թվերը չեն էլ արձանագրվում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում է եւ կայացնում որոշումներ: Նա ասաց, որ ընդհանուր հետազոտություններն Իտալիայում ցույց են տալիս, որ մահվան դեպքերի 50 տոկոսի դեպքում նրանք ունեցել են երեք եւ ավելի քրոնիկ հիվանդություններ, 25 տոկոսը՝ երկու հիվանդություն, 24-ից ավելի տոկոսը՝ մեկ քրոնիկ հիվանդություն: Այսինքն՝ շատ փոքր տոկոսն է, որ այլ հիվանդություն չունենալու դեպքում հիվանդությունը մահվան է հանգեցրել:
Նա հավելեց, որ նախատեսվում է սահմանափակումների ռեժիմը քննարկել բոլոր գործընկերների հետ եւ հասկանալ, թե տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ինչպես է շարժվելու նոր վիճակում: Որքանով հասկանում եմ, սա չի շարունակվելու մեկ կամ երկու ամիս, տեւելու է ավելի երկար:

 

 

Արմինե Գևորգյան