Բավ է պառակտվել
02-06-2020 22:56

Յոգուրտի տեսքով կորոնավիրուսից դեղամիջո՞ց, թե՞ զանգվածային պատվաստումներ Ռուսաստանում արդեն աշնանը

Պատվաստանյութերի հաջող փորձարկման դեպքում ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները նոր կորոնավիրուսի դեմ կարող են սկսվել 2020 թվականի աշնանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն կառավարությունում ճեպազրույցի ժամանակ:

“Պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով, մենք արդեն սպասում ենք արդյունքներին, և փորձագետներն ասում են, որ հաջողության դեպքում՝ զանգվածային պատվաստումներն կարող են սկսվել արդեն աշնանը: Բայց առայժմ մենք բոլորս պետք է սովորենք, թե ինչպես ապրել՝ հաշվի առնելով ռիսկերը, որոնք առաջացնում է վարակը”, - ասել է նա:

Ավելի վաղ, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան Դաշնային խորհրդում կառավարության ժամին իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ ներկայումս Ռուսաստանում 14 հարթակներում մշակվում է 47 պատվաստանյութ նոր կորոնավիրուսի դեմ։

Միևնույն ժամանակ, Ակադեմիայի առցանց նիստի ժամանակ ՌԳԱ փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինն ասել է, որ ռուսաստանցի գիտնականները մշակում են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տեսակ, որը կարելի է ընդունել կաթնամթերքի տեսքով: Այն ազդում է սեպաձև սպիտակուցի վրա, որի օգնությամբ SARS-CoV-2–ը վարակում է առողջ բջիջները:

Նա ասել է, որ այս դեղամիջոցի ստեղծման վրա աշխատում են Փորձարարական բժշկության ինստիտուտի (ՓԲԻ, Սանկտ Պետերբուրգ) գիտնականները։ Այն դասվում է մուկոզալ պատվաստանյութի տիպին, որոնք օրգանիզմ են ներմուծվում պերօրալ եղանակով՝ աերոզոլների կամ մի փոքր ավելի մեծ կաթիլների տեսքով։ Որպես օրենք, այս տիպի դեղամիջոցներում հակագեները գտնվում են միկրոկապսուլաների մեջ, ինչը պաշտպանում է դրանք մարսողական ֆերմենտներից։

“Կլոնավորման թիրախն այն գենն է, որը կոդավորում է կորոնավիրուսի S- սպիտակուցը (սեպաձև սպիտակուցը կամ սպայկ սպիտակուցը, որի օգնությամբ SARS-CoV-2-ը վարակում է առողջ բջիջները, - խմբ.) Արդյունքում, այդ գենը ներթափանցում է պրոբիոտիկ բակտերիաների մակերևութային խավիկների կոդավորման շրջան, այսպիսով ձևավորելով մակերևույթի վրա վիրուսի իմունոգեն սպիտակուցով բակտերիա։ Այս պատվաստանյութը կարելի է ընդունել կաթնամթերքի տեսքով: Ներկայումս ընթանում են այս պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումներն”, - ասել է Չեխոնինը:

Այժմ Ռուսաստանում մշակվում է ինը տարբեր պատվաստանյութ, որոնք պոտենցիալ ունակ են պաշտպանել մարդու օրգանիզմը նոր տեսակի կորոնավիրուսից: Դրանցից վեցը մշակում է վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի “Վեկտոր” պետական կենտրոնը, ևս երկուսը՝ “Բիոկարդ”ընկերությունը (որոնցից մեկը՝ ՓԲԻ-ի հետ համատեղ): Իններորդ պատվաստանյութի ստեղծման վրա աշխատում են Սանկտ Պետերբուրգի պատվաստանյութերի և շիճուկների հետազոտական ինստիտուտում: Հետազոտողները պլանավորում են արդեն հունիսին սկսել որոշ դեղամիջոցների փորձարկումը: