Բավ է պառակտվել
14-07-2021 23:29

Ազնվամորին՝ բնական դեղամիջոց

Ամառը մեզ հնարավորություն է պարգևում ստանալ անհրաժեշտ բոլոր վիտամինները մրգերից, բանջարեղենից և հատապտուղներից: Իսկ հաճելի համը լրացուցիչ առավելություն է: Բայց այս օգտակար մթերքների շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ազնվամորին: Այն կարելի է անվանել բնական դեղամիջոց: Անշուշտ, բոլորս էլ մեկ անգամ չէ, որ օգտագործել ենք ազնվամորի, թեկուզ՝ մրսածության ժամանակ:

Ազնվամորու օգտակարությունը

Ջերմիջեցնող ազդեցություն: Այո, իզուր չեք մրսածության ժամանակ ազնվամորիով թեյ խմում: Ազնվամորին իրոք պարունակում է սալիցիլաթթու, որն առկա է ջերմիջեցնող և հակաբորբոքային դեղամիջոցներում: Ընդ որում, հատապտուղն, ի տարբերություն որոշ դեղերի, չի վնասում աղեստամոքսային տրակտի աշխատանքին:

A, E, PP, B2, C. վիտամիններ: Երբևէ պատկերացրել եք, որ ազնվամորին այսքան շատ վիտամիններ է պարունակում: Վիտամինների առաջին չորս խմբերը պատասխանատու են գեղեցկության համար` մաշկի տոնուս և դեմքի հավասար գույն, իսկ վիտամին C- ն պահպանում է մեր իմունիտետը։

Ֆոլաթթու․ բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել այն հղիներին և կանանց, ովքեր պլանավորում են երեխա ունենալ:

Պղինձ․ օգտակար է ազնվամորի օգտագործել ոչ միայն մրսածության, այլև դեպրեսիայի ժամանակ, չէ՞ որ բոլոր համապատասխան դեղամիջոցները պղինձ են պարունակում։

Երկաթ․ ազնավամորու սիրահարներին սակավարյունություն չի սպառնում։ Բացի այդ, հատապտուղը բարելավում է արյան շրջանառությունը:

Մագնեզիում և կալիում․ դրանց շնորհիվ է, որ ազնվամորու օգտագործումը կանխում է սրտանոթային հիվանդությունները:

Իհարկե, նշվածները ոչ բոլոր, այլ միայն հիմնական վիտամիններն ու հանքանյութերն, որոնցով հարուստ է ազնվամորին: Նշենք, որ օգտակար են ոչ միայն հատապտուղներն, այլև տերևները, ճյուղերը և արմատները:

Սակայն միթե՞ այսչափ օգտակար հատապտուղը կարող ենք համտեսել միայն ամռանը: Պատասխանն է` ոչ: Պատշաճ սառեցման դեպքում ազնվամորին կպահպանի բնական դեղամիջոցի իր հատկությունները:

Ազնվամորու սառեցումը

Քանի որ ազնվամորին շատ նուրբ է՝ պետք չէ այն լվանալ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հեռացնել վնասված և բորբոսնած պտուղները: Դրանից հետո փայլաթիթեղով կամ սննդային թաղանթով ծածկեք հարթ մատուցամանը կամ սկուտեղը, շարեք հատապտուղները միմյանցից մի փոքր հեռավորության վրա և 12 ժամով դրեք սառցարան: Այնուհետև սառեցված ազնվամորին կարելի է տեղափոխել տարաների մեջ: Հիշե՛ք, որ հալեցված հատապտուղները չի կարելի նորից սառեցնել:

Մի շտապեք դեն նետել վնասված հատապտուղները, քանի որ դրանք էլ կարելի է պահել աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար: Փակվող տարայի հատակին շաքարավազ լցրեք, հաջորդ շերտով տեղավորեք ազնվամորին, կրկնեք, մինչև տարան լցվի և պահեք սառցարանում։

Եվ, իհարկե, գոյություն ունի պահպանման ավանդական տարբերակը՝ մուրաբան:

Հարկ է նշել, որ չնայած օգտակարությանը, պետք չէ շատ տարվել ազնվամորիով, քանի որ գոյություն ունեն մի շարք հակացուցումներ։

Ի՞նչ վնաս կարող է պատճառել ազնվամորին

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ։ Հատապտղի մեջ պարունակվող թթուները գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը: Հետևաբար, որոշակի հիվանդություններ, ինչպես օրինակ՝ գաստրիտ և տասներկումատնյա աղիքի խոց, ունեցող մարդիկ չպետք է օգտագործեն այն:

Միզասեռական համակարգի հիվանդություններ: Բժիշկները խորհուրդ են տալիս բացառել ազնվամորին սննդակարգից նեֆրիտի առկայության դեպքում։

Ալերգիա: Ազնվամորին չարաշահելու դեպքում կարող է ցան և կարմրություն առաջանալ։ Այնպես որ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Ինչպես տեսնում եք, դրականն ավելի շատ է: Այնուամենայնիվ, տհաճ հետևանքներից զերծ մնալու համար պետք է օրական մինչև երկու բաժակ ազնվամորի օգտագործել։