Բավ է պառակտվել
10-01-2020 16:42

Մարալիկի ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվի

17 գյուղական համայնքներին սպասարկող Մարալիկի ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվի։ Այն փակելու մտքից առողջապահության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել: ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ասում է,որ ծննդատունը փակում են ոչ թե գումար խնայելու, այլև այն վտանգավոր է մարալիկցի ծննդկանների ու նորածինների համար,
«Մարալիկի բժկական կենտրոնը վերջին տարիներին ունենում է 106-110 ծնունդ, չկա կադրային պահանջվող հագեցվածություն։ Հետևաբար թողնել մանկաբարձական մահճակալների հետագա գործունեության ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,–ասում է Գայանե Ավագյանը։
Նախարարության ներկայացուցիչը նշում է,որ իրենք մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու խնդիր ունեն, ինչի համար էլ 2018–ի կեսերից որոշեցել են վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների աշխատանքը։ Եթե ինչ–որ ԲԿ–ում տարեկան 1000 վիրահատություն է կատարվում, իսկ մեկ ուրիշում 100, ապա միանշանակ ավելի շատ վիրահատություն իրականացնող ԲԿ–ում մատուցվող ծառայություններն ավելի որակյալ են։

«Պարզ օրինակ բերեմ, կինը ծննդաբերեց ընկերքը չի անջատվում ու կինը արյունահոսում է։ Պահանջվում է շտապ արգանդի հեռացում։ Չկա վիրահատող մանկաբարձ գինեկոլոգ, չկա անիստիզիոլոգ, ով պետք է այդ կնոջը փրկի։ Լինի Գյումրիի, Ախուրյանի, Արթիկի ծննդատանը՝ այդ կինը կփրկվի, իսկ Մարալիկում չի փրկվի։ Պետությունը այս պարագայում չի կարող ապահովվել բարձր որակի բուժօգնություն»,–ասում է Գայանե Ավագյանը։
Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։ Իսկ Մարալիկի ծննդատունը անցած տարի ընդունել է 106 ծնունդ։ Սակայն Մարալիկի ծննդատան աշխատակիցները ասում են, եթե առանց մասնագետների այդքան ծնունդ են ընդունել, ապա մասնագետներ լինելու դեպքում ծնունդների թիվը ավելի շատ կլինի։
Նախարության ներկայացուցիչներին հարցնում ենք, հնարավոր չէ Երևանից անհրաժեշտ մասնագետ բժիշկներ գործուղել Մարալիկ՝ շահագրգիռ աշխատավարձով՝ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը ասաց՝ իրենք, ըստ էության, աշխատավարձ չեն տալիս, այլ՝ մատուցած ծառայության դիմաց անում են ֆինանսական փոխհատուցում:
«Սկզբունքորեն ֆինանսավորման մեխանիզմի մեջ աշխատավարձի տող դրված չէ, դրված է մատուցած ծառայությունների համար ֆինանսական փոխհատուցում անելը»,-ասաց նա ու հավելեց՝ սակայն այդ տարբերակը ևս կքննարկեն:
Մարալիկի ծննդատան ճակատագիրը այս պահին անորոշ է, որոշում կկայացվի արդեն երկուշաբթի։ Եթե որոշում կայացվի, որ փակվում է ծննդատունը, ապա գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն 12 աշխատակիցներ։ Գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ իրենք չեն կարող մանկաբարձական բաժանմունք փակելու որոշում կայացել, այլ որպես պետական գնորդ տվյալ հաստատության ծառայությունները չեն գնում, քանի որ կան ինչ որ խնդիրներ։
Ի դեպ որոշված է արդեն, որ պետական ֆինասավորում չեն ստանալու նաև մի քանի ծննդատներ ՝ Ջերմուկի, Գառնիի, Արագածավանի, Ծաղկահովիտի, Արտեմի ու Արծվաբերդի։ Այս ծննդատների ֆինանսավորման հայտը մերժվել է, նույն պատճառաբանությամբ։ Հաստատությունները տարեկան ունենում են 10-15 ծնունդ։

 

Արմինե Գևորգյան