Բավ է պառակտվել
08-01-2020 22:46

«Առողջապահության մինիստրը դնում սաղ ծախում ա, փողերը դնում ջեբը»․լարված իրավիճակ Մարալիկում

Այսօր առավոտվանից Մարալիկում լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:
Հիշեցնենք,որ առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի բժշկական ամբուլատորիայի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցվել է։
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը նշեց,որ ճանապարհը փակելու պատճառն առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի բժշկական ամբուլատորիայի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումն է:

«Եթե ծննդատունը փակվի, անաշխատանք կմնա ծննդատան 12 բուժաշխատող։ Այնտեղ ճիշտ այդքան մարդ է աշխատում։ Մարալիկի ծննդատանը տարեկան հարյուրից ավելի ծնունդ է գրանցվում։ 2018 թվականին, օրինակ, 126 երեխա է ծնվել, 2019-ին՝ 106։ Ամիս կա՝ 4 երեխա է ծնվում, ամիս կա՝ 7,8, 12 երեխա։ Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ, նաև Մարալիկ քաղաքը։ Այն գյուղերից, որտեղ տրանսպարտային խնդիր կա, միանգամից գնում են Գյումրի, Մարալիկ չեն կարողանում գալ», - ասաց նա։

Վռամ Մելիքյանն ավելացրեց, որ առնվազն վերջին մեկուկես տարվա ընթացքում Մարալիկի ծննդատունը պետությունից ժամանանակից բուժտեխնիկա չի ստացել։ Այս հարցով աջակցել են մի շարք բարերարներ։

«Իհարկե, լավ մասնագետների կարիք կա, բայց վարձրատրությունն այնքան քիչ է, կեցության համապատասխան պայմաններ էլ չկան։ Երևանից բարձր կարգի որևէ մասնագետ չի ուզում գալ այստեղ աշխատելու», - նշեց մեր զրուցակիցը։
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժ/պ Նունե Փաշայանն իր հերթին նկատեց, որ նախարարույթունը որևէ մասնագետի չի կարող ստիպել՝ գնալ և որևէ մարզում աշխատել։ «Հիմա կոնկրետ մասնագետ չկա», - ասաց նա։

Ծննդատան աշխատակիցները շեշտեցին, որ Մարալիկի ծննդատունը շատ լավն է, աշխատում են շուրջօրյա, որակյալ ծառայություններ մատուցում։
Նշենք, որ որպեսզի ծննդատունը կարգ ստանա և ֆինանսավորման խնդիր չունենա, անհրաժեշտ է տարեկան նվազագույնը 150 ծնունդ։ Մարալիկից շատ հղիներ գերադասում են Գյումրիի և Արթիկի ծննդատները. պատճառը Մարալիկում բժիշկների և սարքավորումների պակասն է։ Ցուցարարները պահանջում են լուծարման փոխարեն կադրերով համալրման խնդիրը լուծել։
Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը նկատեց, որ ծննդատանն օրական առնվազն 2-3 ծնունդ պետք է լինի, որպեսզի որակ ապահովվի։ Ի պատասխան՝ մարալիկցիները նրան հորդորեցին ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին փոխանցել, որ ճանապարհը չեն բացելու, մինչև հարցին ողջաամիտ լուծում չտրվի։
Նշենք, որ Մարալիկ էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը հայտնեց` մարզպետարանի դիրքորոշումն այնպիսին է, որ պետք չէ փակել ծննդատունը:
«Ավելի մեծ ճանապարհ ենք պատրաստվում փակել։ Առողջապահության մինիստրը դնում սաղ ծախում ա, փողերը դնում ջեբը։ Մարդիկ սոված մեռնում են, հնարավորություն չունեն, աշխատանք չկա, իրանք փախնում են, շենքեր են ծախում, հիվանդանոց են ուզում ծախեն, էս ժողովուրդն ի՞նչ անի, 17 գյուղ է։ էդպիսիներին պետք է Փաշինյանը հանի», - հայտարարեց մարալիկցիներից մեկը։
Մարալիկցիները նշեցին, որ նախարարը ոչ մի անգամ չի բարեհաճել լինել Մարալիկում, 24 հազար բնակչություն ունի խոշորացված Անի համայնքը,
«Սուտ-սխալ մատուցվող տեղեկությունների հիման վրա ծննդատուն եք փակում: Դիահերձարանը փակեցին, մասնավորին վաճառեցին, զինկոմը փակեցին, բան չեն թողել, համայնքապետարանը չկա: Դպրոցներն էլ փակեք, պրծեք: Սա վերջին հաշվով գյուղ է, թե քաղաք: Մասնագետներ բերեք, ոչ թե ավելորդ պատմություններ սարքեք` մարդկանց ծախսերի տակ գցեք, Գյումրի ուղարկեք: Բերաններս չի էլ բռնում, որ ասենք` բա որ ճամփին ծննդկանները մեռնեն: Ճանապարհը չենք բացի, մինչև հարցը չլուծեն”-ասացին մարալիկցիները։

 

 

Արմինե Գևորգյան