Բավ է պառակտվել
29-09-2016 14:48

ՀՀ ԱՆ–ն ահազանգում է. երկրում սրտի հիվանդությունները երիտասարդանում են

Հայաստանում ամեն տարի 55 հազար մարդու մոտ ախտորոշվում են սիրտ–անոթային համակարգի հիվանդություններ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

«Ցավոք, մենք դեռ չունենք բոլոր հիվանդների ռեգիստրը, սակայն այն անպայման կստեղծվի։ Սիրտ–անոթային հիվանդությունների խնդիրը շատ ակտուալ է Հայաստանում։ Մահվան դեպքերի ընդհանուր թվի 36—37 տոկոսը բաժին է հասնում սրտի հիվանդություններին, դրանք կազմում են հիվանդների թվի 40 տոկոսը», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` 80 տոկոս դեպքերում այդ հիվանդությունները կարելի է կանխարգելել` վարելով առողջ ապրելակերպ և ժամանակին հետազոտվելով։

«Սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները կարելի է կանխել` վերացնելով կամ նվազեցնելով ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, աղի չափից շատ օգտագործումը, հիպոդինամիան, սխալ սննդակարգը։ Անհրաժեշտ է հետևել զարկերակային ճնշմանը, լիպիդային փոխանակմանը», – ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով` վիճակագրությունը մխիթարիչ չէ, եթե հիվանդացածների և մահվան դեպքերի թիվը համեմատենք 10 տարի առաջվա նույն ցուցանիշների հետ։ Այժմ, 1,6-1,7 անգամ ավելի շատ մարդ է մահանում սիրտ–անոթային համակարգի հիվանդություններից, կրկնակի ավելացել է այդ հիվանդություններից տառապող մարդկանց թիվը։

«Սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները շատ հաճախ պայմանավորված են ավելորդ քաշի առկայությամբ։ Հիվանդությունը երիտասարդանում է, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր 8–րդ դեռահասը քաշի խնդիր ունի։ Նմանատիպ խնդիրներ կան նաև 40–ից անց կանանց 60 տոկոսի շրջանում և յուրաքանչյուր երկրորդ տղամարդու մոտ», – ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ վերջին երկու–երեք տարվա ընթացքում իրավիճակն աստիճանաբար կայունանում է առողջ ապրելակերպի և ժամանակին կատարված ախտորոշման շնորհիվ։

«Ամեն տարի Հայաստանում իրականացվում է 11 հազար վիրահատական միջամտություն, որոնցից 5–6 հազարը բաժին է հասնում ստենտավորմանը, 250–300 դեպքերը բաժին են հասնում մինչև 18 տարեկան դեռահասներին», – ասաց Վարդանյանը։

Սեպտեմբերի 29–ին նշվում է Սրտի համաշխարհային օրը։ Այս տարի այն անցկացվում է «Սիրտ կյանքի համար» նշանաբանի ներքո։