Բավ է պառակտվել
29-07-2020 19:35

Նկատվում է կորոնավիրոսի հարաբերական կայունացում

«Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել, իսկ վիրուսի տարածման տեմպը չի նվազում»,- պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սակայն մեր երկրում վերջին օրերի գրանցված թվերը արդեն հուսադրող են. շատացել է ապաքինվածների թիվը։ Այսօր բուժվել է 467 անձ։ Մահացածների թիվն 4-ն է, ամենաերիտասարդը եղել է 64-ամյա տղամարդ, ամենատարեցը՝ 84 տարեկան կին։ Բոլորն էլ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ են ունեցել։
Gisher.news—ի հետ զրույցում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշում է, որ մայիսից ամսին ունեցանք դեպքերի կտրուկ աճ, սակայն այս պահին դեպքերի նվազման միտում է նկատվում։
«Այս մի քանի օրերին մենք ունեցանք դեպքերի նվազում կարելի ասել իրավիճակի հարաբերական կայունացում եղավ։ Իհարկե այդ ամենը եղավ համընդհանուրի միջոցառումների շնորհիվ՝ դիմակի կրում, սոցիալական հեռավարություն և ձեռքերի ախտահանում»։
Լիաննա Թորոսյանը, սակայն, մտավախություն ունի, որ վիրուսը գլուխ կբարձրացնի հատկապես աշնանը, ինչը հաստատում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Աշնանը գլուխ են բարձրացնում նաև այլ շնչառական հիվանդությունները, սեզոնային գրիպ, և այլն, որը կարող է խեղաթյուրել իրավիճակը, որը կարող է նաև բժիշկների համար կրկնակի բեռը ավելացնելու առումով»։
Իսկ ե՞րբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանի կհասնի։ Մասնագետներն ասում են` լավագույն դեպքում 2021 թ. վերջին։ Այս պահին մեր երկիրը բանակցում է «Մոդեռնա» ընկերության հետ։ Պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլն է ավարտվել, երրորդը դեռ պետք է իրականցվի։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, որ աշխարհում 200-ից ավելի կազմակերպություն պատվաստանյութ է մշակում։ Դրանց մի մասը վաղ կլինիկական փորձարկումների շրջանում է, բայց միայն երկուսն են երրորդ փուլում։
Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ամբողջ աշխարհում պահանջարկը բավական բարձր է։ Գայանե Սահակյանը դժվարանում է ասել՝ Հայաստանը մինչև տարեվերջ այն ձեռք կբերի՞, թե՞ ոչ։
«Եթե մեզ բախտ վիճակվի այդ պատվաստանյութը ձեռք բերել և երկիր ներկրել, դա պարտադիր չի լինի։ Ռիսկի խմբերը կսահմանվեն և ռիսկի խմբերին միայն կառաջարկվեն պատվաստանյութերը։ Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պահանջարկը բավականին մեծ է ամբողջ աշխարհում և ասել, որ Հայաստանն այն անմիջապես ձեռք կբերի և կներկրի մինչև տարվա վերջ, դա ճիշտ չեմ ասի, բավականին դժվար է այդ գործընթացը, թեպետ մենք բանակցություններ իրականացնում ենք»,- նշեց Սահակյանը։

Նշենք, որ ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը մտադիր է կորոնավիրուսային պատվաստանյութի գինը սահմանել 50-60 դոլար, ինչը կազմում է յուրաքանչյուր դոզայի համար շուրջ 25-30 դոլար:

 

 

Արմինե Գևորգյան