Բավ է պառակտվել
15-03-2022 12:39

Նշվել է Հայաստանի սրճարաններում և ռեստորաններում ծխելու համար նախատեսված տուգանքի չափը

Հայաստանի առողջապահության նախարարությունը նշել է սրճարաններում և ռեստորաններում ծխելու արգելքը խախտելու համար նախատեսված տուգանքների չափը։

Նախարարությունը հիշեցրել է, որ այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, ներառյալ՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի արտադրության և վաճառքի այլ հաստատություններ) արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։ Սա պայմանավորված է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտնելով։

«Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ (մոտ 290-390 դոլար), ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ (մոտ 100 դոլար)», - հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ սույն օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի փետրվարի 13-ին։ Ավելի վաղ, սույն օրենքի համաձայն,հանրապետությունում ծխելու արգելք էր մտցվել հասարակական տրանսպորտում, բժշկական և ուսումնական հաստատությունների, մարզական երիտասարդական կազմակերպությունների տարածքում, ինչպես նաև խաղահրապարակների, մշակութային օբյեկտների մոտ, պետական ​​և տեղական կառավարման շենքերում։