Բավ է պառակտվել
19-11-2019 19:33

«Նևրոզների կլինիկան» լուծարվում է, հիվանդների ճակատագիրը անորոշ է

 

Քասախում գտնվող «Նևրոզների կլինիկան» 2020 թվականի հունվարից այլևս պետական ֆինանսավորում չի ստանա։ Ընթացիկ տարում կլինիկային հատկացվել է 90 մլն դրամ: Սիմա Ավետիսյանը մոտ 50 տարի աշխատում է Քասախում գործող այս բուժհաստատությունում, որը 1985 թվականից վերածվել է Նևրոզների կլինիկայի։
Ասում է,որ այստեղ բուժվում են սահմանային վիճակում գտնվող հիվանդները՝այսիքն իրենք ադեկվատ են ու հասարակության համար վտանգ չեն ներկայացնում։

 
Այստեղ իրականացվում է դեղորայքային, հոգեբանական, հոգեթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժում։ Առողջապահության նախարարությունից կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանին դեռևս հոկտեմբեր ամսին տեղեկացրել են` ծախսերն օպտիմալացվում են։ «Եթե ֆինանսավորումը դադարեցվի ,ապա հիվանդանոցը կլուծարվի»,– ասում է հիվանդանոցի տնօրեն Ցոլակ Հակոբյանը։
«Այստեղ բուժումը իրականացվում է բացառապես անվճար՝սննդից մինչև դեղորայք։ Գերակշիռ բուժում են ստանում ազատամարտիկները։ Այս հիվանդանոցը իր կարևորությունը ապացուցել է դեռ Երկրաշարժի ,պատերազմի ժամանակ։ Իսկ հիմա էլ նևրոզով հիվանդների թիվը գնալով շատանում է»,– ասում է Ցոլակ Հակոբյանը։

 
Տարեկան բուժհաստատությունում բուժվում է 700 հիվանդ։ Այս պահին այնտեղ կա 50 հիվանդ, կլինիկայում աշխատում է մոտ 50 մարդ։ Պարբերաբար բուժում ստացողները բողոքում էին այս որոշման դեմ։ Նրանց հատկապես վիրավորել էր նախարարության այն պատասխանը որ այստեղ բուժվող հիվանդները կարող են բուժումը շարունակել հոգեբուժարաններում։
Մենք այս բողոքը փոխանցեցինք առողջապահության նախարարության բժշկական օգնության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանին։
Վերջինս նշեց,որ այս պահին պահին դեռևս ուսումնասիրություններ են կատարվում որոշելու համար, թե որ ծառայությունները պետք է գնեն , որոնք` ոչ։ Քննարկվում է ծառայության նպատակահարմարությունը, արդյո՞ք ուզում ենք գնել այդ ծառայությունները, թե՞ ոչ։
Նշենք, որ խնդրի մասին խորհրդարանում բարձրաձայնել էր ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել էր, որ նեւրոզը հոգեկան խնդիր չհանդիսացող ախտորոշում է, ուստի չի կարող բուժվել պետպատվերի շրջանակներում։

 

Արմինե Գևորգյան