Բավ է պառակտվել
15-07-2021 15:38

Գիշերելով բաց երկնքի տակ հանուն պատվաստման. առողջապահության նախարարությունը ներկայացրել է նորամուծությունները

Հայաստանում արդեն իրականացվել է ավելի քան 111հազ․ պատվաստում, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան:

Մեծ բյուջե՞, թե՞ մարդասիրություն

Հայաստանը գնում է պատվաստանյութեր, որոնք ցանկացած օտարերկրացի կարող է անվճար ստանալ: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պետբյուջեում այդքան գումար կա, այն դեպքում, երբ շատ երկրներում նման ծառայությունն օտարերկրյա քաղաքացիների համար վճարովի է։

Վերջին օրերին Հյուսիսային պողոտայում պատվաստումների համար հերթ կանգնած իրանցիների բազմությունը Հայաստանում մեծ արձագանք է առաջացրել:

«Ինչպես կորոնավիրուսի բուժման, այնպես էլ պատվաստման ընթացքում բոլոր ծառայությունները օտարերկրացիներին մատչելի դարձնելու մեր նպատակը կրում է մարդասիրական և զուտ հակահամաճարակային բնույթ, քանի որ կորոնավիրուսը չի ճանաչում ո՛չ քաղաքացիություն, ո՛չ կարգավիճակ, ո՛չ էլ տարիքը», - ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով Հայաստանում պատվաստումների նկատմամբ մեծ հետաքրքրությունը, գնահատվում է, թե որքանով են օտարերկրացիների ծախսերը համապատասխանում պատվաստանյութի դիմաց վճարներին, մանավանդ որ այդպիսով նրանք ճանաչում են երկիրը, բարձրանում է նրա վարկանիշը։

Ինչպես նշում է նախարարի պաշտոնակատարը, եթե հոսքերն այնքան շատանան, որ դրանց կառավարումն անհնար լինի, ապա իշխանությունները ողջամիտ որոշում կկայացնեն իրավիճակը կարգավորելու համար:

Գիշերել բաց երկնքի տակ հանուն պատվաստման

Խոսելով Երևանի Հյուսիսային պողոտայում, որտեղ պատվաստումներ են իրականացվում, օտարերրացիների, հիմնականում Իրանի քաղաքացիների կուտակումների և տեղում, բաց երկնքի տակ գիշերելու մասին, նախարարը նշեց, որ լուծումներ են որոնվում:

«Մենք ցանկանում ենք անել ամեն հնարավորըը, որպեսզի այս ծառայությունների հետ կապված խնդիրներ, կուտակումներ կամ հերթեր չլինեն, այդ նպատակով հաշվառման ավտոմատներ ենք տեղադրում», - ասաց Ավանեսյանը:

Նա նաև նշեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարույթյան սահմանած նոր կարգավորումը, որի համաձայն՝՝ ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել կարող են միայն առնվազն 10 օր Հայաստանում գտնվող արտասահմանցիները։
«Այսօր ուժի մեջ է մտել նոր կարգ՝ Հայաստանում 10 օր գտնվելու պայմանն, ինչը կապված է մեր պատվաստանյութերի մնացորդների քանակով և ակնկալվող նոր խմբաքանակների մասին ինֆորմացիայով։ Որ պահին մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այդ պայմանները։ Երկրորդ դեղաչափի դեպքում գործում են նույն պայմաններն»,– ասաց Ավանեսյանը։ Նա նշեց, որ կախված երկրում պատվաստանյութերի գնումների ծավալից` որոշակի սահմանափակումներ կներդրվեն կամ կվերացվեն:

Բժշկական զբոսաշրջության խթանում

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերջերս հայտարարեց, որ օտարերկրացիների պատվաստումը կօգնի զարգացնել բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում:

Սակայն առողջապահության նախարարի պաշտոնակատարի կարծիքով զբոսաշրջության զարգացման համար տվյալ ոլորտը պետք է լինի որակյալ և մատչելի: Նույնը վերաբերում է բժշկությանը. բարձրորակ ծառայություններ մատուցելու դեպքում օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը մեծանում է:
Հայաստանում արդեն կան որոշակի ուղղություններ, մասնավորապես՝ պլաստիկ վիրաբուժությունը շատ լավ ճանաչված է: Բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ ժամանում են Հայաստան այդ ծառայություններից օգտվելու համար: Մեր խնդիրն էր հնարավորինս մատչելի ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև այլ երկրների քաղաքացիների շրջանում», - ասաց Ավանեսյանը:

Ի՞սկ Հայաստանի քաղաքացիները․․․

Ինչպես նշեց Ավանեսյանը, ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են պատվաստվել, որից հետո ներբեռնել համապատասխան ծրագիրը, որտեղ հայտնվում է կանաչ բարկոդ, տվյալներ դեղաչափերը ստանալու ամսաթվի վերաբերյալ: Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ապա կարող է հավաստագիր ստանալ կլինիկայից։

Նա նշեց, որ Հայաստանից մեկնելիս անհրաժեշտ է ուշադիր լինել նշանակման երկրի քաղաքականության նկատմամբ:

«Հայաստան մուտք գործելիս ընդունվում են պատվաստումը կամ թեստավորումը՝ քաղաքացու ընտրությամբ», - ասաց Ավանեսյանը:

Իսկ թե որ երկրներ կարելի է թռչել Հայաստանից առանց պատվաստումների, Ավանեսյանն առաջարկեց ճշտել ԱԳՆ-ից՝ հավելելով, որ այնտեղ զբաղվում նաև Հայաստանում տրված հավաստագրերի ճանաչման հարցերով:

Լրագրողի այն դիտողությանը, թե ԱԳՆ-ն հայտարարել է, որ առողջապահության նախարարությունից հավաստագրերի վերաբերյալ տվյալներ չկան, Ավանեսյանը պատասխանեց, որ իր գերատեսչությունը պատասխանատու է Հայաստանում հավաստագիրը կազմելու, դրա ճանաչման և ստուգման համար, որից հետո այն փոխանցում է Արտաքին գործերի նախարարության իր գործընկերներին, որպեսզի նրանք իրականացնեն փոխադարձ ճանաչման գործընթացը։

«Մեզ մոտ ամեն ինչ ավարտված է, բոլոր փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան գերատեսչություն», - ասաց նախարարը: