Բավ է պառակտվել
31-01-2019 18:06

Հայաստանում ներդրվել է բուժօգնության նոր սոցփաթեթ․ թանկարժեք վիրահատություններ են ներառված

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրվա նիստին հաստատել է բուժօգնության նոր սոցփաթեթի ներդնումը քաղաքացիների որոշ խմբերի համար։

Ինչպես նիստի ընթացքում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սոցփաթեթը կտարածվի քաղաքացիների նոր խմբի, այդ թվում՝ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների, Հայրենական պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց, բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների վրա։

“Նրանց համար ներդրվող սոցփաթեթում ընդգրկված կլինեն թանկարժեք հետազոտություններ և 18 թանկարժեք վիրահատություն․ սրտի, գլխուղեղի, աչքերի և այլն, որոնք ներառված չէին նրանց մատուցվող ծառայությունների ցանկում”,-ասել է Թորոսյանը։

Նրա խոսքերով, պետբյուջեից հատկացվել է լրացուցիչ 1,4մլրդ․ դրամ, ինչի շնորհիվ սոցփաթեթի արժեքը կհասնի 3 մլրդ․դրամի։

Նախարարը նշել է, որ սոցփաթեթում ներառված վիրահությունների գները մոտեցված են շուկայականին, այսպիսով կնվազի անօրինական վճարումների վտանգը։

“Այդ կատեգորիայի անձինք չեն վճարի լրացուցիչ գումարներ այդ վիրահատությունների համար”,- ասել է Թորոսյանը, հավելելով, որ ծրագրի շահառու կդառնա 230 հազար մարդ, ինչի հաշվին դիմողների թիվը կավելանա 4 հազարով և կհասնի 16 հազարի։

Ծրագրի երկրորդ կարևոր բաղադրչը, նրա խոսքերով, կլինի ատամնաբուժական ծառոյությունների մատուցումը, որոնցից կարող են օգտվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները (30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող), 1-ին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, ինչպես նաև սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված 7-18 տարեկան երեխաները, մինչզինակոչային և զինակոչային տարիքի անձինք։

Նախարարը նշել է, որ բոլոր ծառայություննրը կմատուցվեն անվճար, առանց քաղաքացիների կողմից վճարումների։

“Նախատեսված են նաև մի շարք նոր ծառայություններ, այդ թվում՝ երեխաների բերանի խոռոչի լորձաթաղանթի պրոթեզավորում և բուժում”,- ասել է Թորոսյանը հավելելով, որ ծրագրի իրականացմանը կուղղվի 500մլն․դրամ ($1 – 485,46 դրամ)։