Բավ է պառակտվել
11-09-2020 15:36

Օղու թունավորմումից մահացան ևս երկու հոգի

Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է ևս երկուսով։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 20-ը մահվան ելքով:
«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշված է նախարարության  տարածած հաղորդագրությունում։
Թունավորվածներից 1-ը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ:
ՍԱՏՄ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց:
Ավելի ուշ Քննչական Կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որով հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը ԶԼՄ–ներին ասել էր, որ առաջադրված մեղադրանքը տեղին չէ, նա ուղղակի բարեխիղճ մոլորության մեջ է ընկել։ Գևորգյանն ասել էր, որ Հովսեփյանը կարծել է, թե ցորենի մաքուր սպիրտ է գնել, մտքի ծայրով անգամ չի անցել, որ իր պատրաստած օղին կարող է որևէ մեկի կյանքը խլել։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրեց, որ նույն քրգործով անցնող մյուս երկու ձերբակալվածները նույնպես կալանավորվել են։

Կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով:

 

 

Արմինե Գևորգյան