Բավ է պառակտվել
29-04-2021 11:54

Փաշինյանը կոչ է արել նախարարներին պատվաստվել

Հայաստանի կառավարության անդամները և պետական կառույցների աշխատակիցները պետք է անպայման պատվաստվեն, ասել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ավելի քան մեկ տարի երկիրն ապրում է համավարակի պայմաններում, և իշխանության ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով, բայց կա նաև երկրորդ կարևոր բաղադրիչը` պատվաստման գործընթացը:

«Պատերազմի պատճառով և հետպատերազմական ժամանակաշրջանում գուցե ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահության ոլորտում, այլև տնտեսական տեսանկյունից», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում տնտեսական ակտիվության կարևորագույն գործոն է պատվաստված մարդկանց տոկոսը, հատկապես՝ տուրիզմի ոլորտում երկրները գնահատվում են նաև այս ցուցանիշով։

«Եկեք պատվաստումը սկսենք մեզնից և պայմանավորվենք, որ մի շաբաթվա ընացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն։ Մենք բոլորս պետք է պատվաստվենք։ Այս պահին պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է, հիմա աշխարհում պատվաստված մարդկանց թիվը կյանքի որակի նշան է բոլոր ասպեկտներում` տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական, և դա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքն»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե իշխանություններն ասում են, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են պատվաստվել, ապա անհրաժեշտ է սկսել հենց սեփական անձից, ինչից հետո պատվաստել պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին։

Նրա խոսքով, որ պատվաստման գործընթացը պետք է կազմակերպվի նաև Զինված ուժերում։

«Պետական մարմիններում մենք այդ առաջնոդրությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն, որ բոլորս պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- ասել է Փաշինյան։

Նա անդրադարձել է նաև պատվաստումից հրաժարվելու հարցին, մասնավորապես նշել է, որ այսօր Հայաստանն ունի AstraZeneka, «Սպուտնիկ V» պատվաստանյութերը և առաջիկայում պատրաստվում են պատվաստանյութ ստանալ Չինաստանից:

«Եթե որևէ պատվաստանյութ վտանգ ներկայացնի քաղաքացիների առողջությանն ու կյանքին, կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունի: Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր արտադրողներին և գործընկերներին, բայց փոխվարչապետը և առողջապահության նախարարը պատվաստվել են AstraZeneca-ով, և, ինչպես տեսնում եք, ներկա են (նիստին - խմբ.) ու նրանց հետ որևէ արտառոց բան չի կատարվում։ Ես սա ասում եմ, որովհետև տվյալ հարցում կան տեղեկատվական շահարկումներ։ Կարևոր եմ համարում ամբողջ պոտենցիալի օգտագործումն»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ զարմացած չէ Հայաստանում պատվաստումների դեմ ակցիաներով, քանի որ նույնիսկ կարմրուկի և այլ պատվաստումների դեմ Հայաստանում վերջին ժամանակներս շարժումներ են սկսվել, որոնց նպատակն անհասկանալի է, և որոնց պիտի վերջ դրվի։

Ինչ վերաբերում է Հայաստան ներկրված պատվաստանյութերին, որոնց պիտանելիության ժամկետը մոտենում է ավարտին, ապա, նրա խոսքով, բոլոր պատվաստանյութերը պիտանելիության ժամկետ ունեն, մանավանդ՝ նոր արտադրվածները։

«Դրանց պիտանելիության ժամկետը կարճ է, և մենք պետական միջոցներով ենք ծախսում դրանք ձեռբերելու համար։ Եթե մենք շատ գնենք, իսկ Ռուսաստանի հետ արդեն կա 1 միլիոն դեղաչափ գնելու պայմանավորվածություն, բանակցություններ են վարվում նաև մյուս գործընկերներից շատ մեծ քանակներով պատվաստանյութ բերելու Հայաստան, և պատկերացրեք, բերենք այդ ամենը, պետական ահռելի միջոցները ծախսենք, և վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում․ կստացվի շատ վատ էֆեկտ»,- ասել է Փաշինյանը։

Միաժամանակ նա հավաստիացրել է, որ քաղաքացիները կպատվաստվեն միայ ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութերով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում փոփոխություններ են կատարվել COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստման կարգում: Մասնավորապես, պատվաստման համար բուժհաստատություն կարելի է դիմել շաբաթվա բոլոր օրերին (նախկինում ՝ միայն աշխատանքային օրերին)։ Պատվաստումը հասանելի է 18 տարեկանը լրացած բոլոր քաղաքցիների (այլ ոչ միայ ռիսկի խմբերի ներկայացուցիչների) համար, ներառյալ՝ Հայաստանում բնակվող օտարերկրացիները։