Բավ է պառակտվել
08-04-2021 12:38

Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը





Այս գիշեր Մոսկվայից Երևան է ժամանել COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ տեղափոխող ինքնաթիռն, ասվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում:

Հայկական կողմի ձեռքբերած պատվաստանյութի առաջին խմբաքանակը` « Sputnik V »- ի 15 հազար դեղաչափն օդանավակայանում դիմավորել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյան: Ներկա էր նաև Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:

«Մեջքիս հետևում պարզապես ինքնաթիռը չէ, այլ յոթ ու կես հազար ճակատագիր, մարդկանց առողջություն», - ասել է Արզումանյանը:

Կուրոչկինի խոսքով՝ առաջին հերթին պատվաստվելու են ռիսկի խմբերի բնակչությունը:

«Սա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ՀՀ-ին դրսից տրամադրվող լայնածավալ աջակցության շարունակությունն է։ Մեր ժողովուրդների միջև դաշնակցային համագործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակը», - նշել է Կուրոչկինը:

Երեկ Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է կորոնավիրուսի պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն դեղաչափ:

«Հուսով ենք ձեռք բերել մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի որ այն գործնականում ցույց է տվել իր արդյունավետությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա գնել այս պատվաստանյութն», - ասել է նա:

Այդ համատեքստում Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ընդլայնվում է պատվաստանյութերի արտադրությունը, և խոսքը դեղամիջոցի բավականին մեծ ծավալի մասին է: «Ուստի ես կարծում եմ, որ մենք այս խնդիրը կլուծենք ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների և սպառողների», - ասել է նա:

Հայաստանի կողմից գնված պատվաստանյութերը

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 28-ին Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ ծավալով։ Խմբաքանակը ներմուծվել է ԱՀԿ-ի «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում և նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների համար` կամավորության սկզբունքով։

Ավելի վաղ Հայաստան էր ներկրվել «Sputnik V» պատվաստանյութի փորձնական փոքր խմբաքանակ:

Հայաստանում COVID-19- ի հետ կապված իրավիճակի մասին

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով արտակարգ դրությունը Հայաստանում գործել է վեց ամիս` մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ: Համապատասխան օրենքների փաթեթի մեջ փոփոխություններ մտցնելուց հետո Հայաստանի կառավարությունը կարանտին սահմանեց ողջ երկրում 4 ամիս ժամկետով ՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, այնուհետև այն երկարացրեց եւս վեց ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը:

Կարանտինը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, այնուամենայնիվ, մտցվել են որոշակի մեղմացումներ, մասնավորապես՝ երկիր ելումուտի և հանրային միջոցառումների կազմակերպման հետ կապված: Հայաստանի ամբողջ տարածքում պետք է պահպանվեն անհատական պաշտպանության միջոցառումները, իսկ տեղաշարժի և բնակավայրից դուրս գտնվելու դեպքում պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: