Բավ է պառակտվել
03-02-2020 17:06

Հայաստանում հայտնի է կորոնավիրուսի հայտնաբերման առաջին թեստի արդյունքը

 

Հայաստանում առաջին անգամ փորձարկել են նախօրեին Ռուսաստանից ստացված 2019n-CoV կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից մեկը, հայտնել է երկուշաբթի լրագրողներին ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

“Այժմ ռեագենտները գտնվում են այստեղ՝ “Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում”, և կարող եմ ասել, որ հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում արդեն կատարվել է մեկ հետազոտություն ու ստացվել բացասական պատասխան, այսինքն՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել”,- ասել է նա, նշելով, որ ստուգված անձը Հայաստանի քաղաքացի է։

Ըստ նրա, թեստերը պահվում են - 20 աստիճանում, եղած քանակով կարելի է ստուգել մինչև 200 մարդ։ Նա հայտնել է, որ անձի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում կձեռնարկվեն ԱՀԿ բոլոր միջոցառումներն ու առաջարկությունները։

Բակունցը հավելել է, որ այսօր բանակցություններ են ընթանում Չինաստանից թեստեր ստանալու շուրջ, սակայն դեռևս անհայտ են դրանց քանակը, գինը (անվճար չտրամադրելու դեպքում՝ խմբ) և ստացման ժամկետները։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ նախատեսվում է Չինաստանից ձեռք բերել 200 ախտորոշիչ թեստ, նշելով, որ դրանք բավականին թանկ են՝ 1500 դոլար 50 թեստ պարունակող փաթեթի համար։

 

Յուրաքանչյուր ցանկացող չի կարող ստուգվել

Բակունցն ասել է, որ հետազոտության կենթարկվեն միայն որոշակի չափանիշներին համապատասխանող անձինք, այլ ոչ յուրաքանչյուր ցանկացող։ Այսպես, հետազոտության են ենթարկվելու այն անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ, ովքեր վերադաարձել են Չինաստանից վերջին 14 օրվա ընթացքում (այդքան է հիվանդության գաղտնի շրջանը) կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ անձի կամ վերջերս Չինաստան այցելած մարդկանց հետ։

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշակվել են “Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր”: Դրանք տրամադրվում են համաճարակաբանական տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից Հայաստան ժամանած ուղևորներին: Թերթիկները պետք է լրացվեն ինքնաթիռում և ժամանումից հետո, և ներկայացվեն սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժշկական անձնակազմին։

Ըստ Բակունցի, մարդու մոտ համապատասխան ախտանիշներն ի հայտ գալու դեպքում, պոլիկլինիկայում, որտեղ նա կցված է, վերցնում են համապատասխան նմուշներն ու ուղարկում լաբորատորիա՝ հետազոտության: Թեստի արդյունքները հայտնի են դառնում 3 ժամ հետո:

Իր հերթին, “Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վիրուսոլոգիական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանն ասել է, որ քսուքը վերցվում է քթից և կոկորդից, և լաբորատորիա է հասցվում հատուկ պայմաններում, որոնք թույլ են տալիս պահպանել վիրուսը:

Միջազգային արտակարգ իրավիճակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է “հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ”։

Փետրվարի 3-ի վերջին տվյալներով Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հարուցված թոքաբորբով հիվանդների թիվը կազմել է ավելի քան 17 հազար մարդ, մահացել է 362 մարդ, առողջացել՝ 526-ը: Փետրվարի 1-ին հաստատվել է, որ կորոնավիրուսը ներկրվել է 27 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն։