Բավ է պառակտվել
08-02-2019 16:55

Նախարարության տվյալների համաձայն Հայաստանում նվազել է սելեկտիվ աբորտների թիվը

Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նիստում, որը վարել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը, ուրբաթ օրը քննարկվել են Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխման ծրագրի իրագործման արդյունքները։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրել է ԱՆ մայրության և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը, շնորհիվ համալիր միջոցառումների այս ուղղությամբ գրանցվել է որոշակի դրական միտում։

Համաձայն նախարարության տվյալների, եթե համապատասխան ծրագրի գործարկման նախորդող՝ 2008-2012 թվականներին նորածին աղջիկների/տղաների հարաբերակցությունը 100/115 էր, ապա արդեն 2014 թվականին այդ ցուցանիշը դարձել է 100/112,7, 2016 թվականին՝ 100/111,9, 2017-ին՝ 100/109,8, իսկ 2018 թվականի նախնական տվյալներով՝ 100/108,5։

Ավագյանը շեշտել է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ և նմանատիպ խնդիր ունեցող այլ երկրներ բարձր են գնահատել Հայաստանի փորձը և ցանկություն հայտնել կիրառել այն իրենց մոտ։

Մի քանի տարի առաջ անցկացված ՄԱԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում, մասնավորապես՝ շրջաններում, պահպանվում է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների արդիականությունը։ Սակայն իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Այսպես, “Մարդկային զարգացման միջազգակին կենտրոնի” տվյալների համաձայն, եթե 2011 թվականին կանանց 60 տոկոսը նշում էր, որ իրենց շրջապատում նախընտրությունը տրվում է արական սեռի երեխայի ծննդյանը, ապա 2017 թվականին այդ մասին ասել է կանանց միայն 37 տոկոսը։