Բավ է պառակտվել
09-11-2018 14:38

Ինչու՞ խորհուրդ չի տրվում հակաբիոտիկներ ընդունել ինքնուրույն, առանց բժշկի նշանակման

Միջազգային «Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման շաբաթվա» շրջանակներում նոյեմբերի 12-ից 16-ը Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ հակաբիոտիկների օգտագործումը վերահսկելու և միայն հատուկ դեպքերում դրանց օգտագործումը խթանելու համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

“Ցավոք, մարդիկ շատ հաճախ հակաբիոտիներ են օգտագործում առանց անհրաժեշտության և բժշկի դեղատոմսի, անտեսելով այն հանգամանքը, որ դա կարող է հանգեցնել ռեզիստենցության (լատիներեն Resistentia՝ դիմադրություն, հակազդում, դիմադրողականություն, դիմակայություն․ Gisher.news) անկմանը: Արդյունքում՝ արտակարգ դեպքերում դրանք այլևս չեն օգնում։ Միջոցառուեմների շրջանակներում հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի հակաբիոտիկների պատշաճ օգտագործման, բժիշկների կողմից դրանց նշանակման, ինչպես նաև կանխարգելման կանոնների մասին”,- ասել է նա, ընդգծելով, որ միջոցառումենրն ուղղված հակաբիոտիկների պատշաճ օգտագործմանը, այլ ոչ՝ բացառմանը։

Ըստ Լենայի, ներկայումս հակաբիոտիկների սխալ օգտագործումն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է դառնում, քանի որ այն մեծացնում է բազմաթիվ վիրուսների և հիվանդությունների հարուցիչների դիմադրողականությունը:

“Եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ հակաբիոտիկների պատշաճ օգտագործման համար՝ մինչև 2050 թ. դիմացկուն դարձած վիրուսներից կարող է մահանալ ավելի քան 10 միլիոն մարդ՝ պատճառելով 100 տրիլիոն դոլարի վնաս”, - ասել է Նանուշյանը:

Նա նշել է, որ համաձայն ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն-խմբ) հետազոտությունների, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների և միայն ծայրահեղ դեպքերում հակաբիոտիկների օգտագործման շնորհիվ միայն երկու տարիների ընթացքում մահացության մակարդակը կրճատվել է գրեթե երկու անգամ:

Նանուշյանը տեղեկացրել է, որ հակաբիոտիկների օգտագործման նկատմամբ հսկողության ռազմավարությունը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է 2015 թվականին:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում բոլոր մասնագետներին միջոցառումներ ձեռնարկել սանիտարական նորմերի, հիգիենայի և հիվանդությունների կանխարգելման կանոնների պահպանման համար», - ասել է նա:

Իր հերթին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը նշել է, որ կազմակերպության կողմից անցկացվող միջազգային շաբաթն ուղղված է հանրային իրազեկության բարձրացմանը հակաբիոտիկների նպատակային օգտագործման վերաբերյալ:

“Մի շարք եվրոպական երկրներում արդեն ձեռնարկվել են միջոցառումներ գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների չարաշահումից խուսափելու համար: Միջազգային հետազոտությունների համաձայն, այս ոլորտում օգտագործվում է հակաբիոտիկների մոտ 50% -ը: Մեր նպատակն է պատշաճ օգտագործել հակաբիոտիկները կյանքը փրկելու համար”, - ասել է նա, հիշեցնելով, որ 30 տարվա ընթացքում գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումն ավելացել է 30 անգամ, իսկ բժշկության մեջ` ընդամենը 10:

Խոսելով գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործման մասին, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը նշել է, որ շաբաթվա ընթացքում միջոցներ կձեռնարկվեն ֆերմերներին և սննդամթերք արտադրողներին տեղեկացնելու համար:

“Մենք խորհրդատվություն կանցկացնենք ինչպես ֆերմերների, այնպես էլ ձեռնարկությունների ներկայացուցիչների և անհատների հետ` գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների վնասը բացատրելու համար, քանի որ դրանց չարաշահումը վտանգավոր է դառնում մարդու համար”, - ասել է նա: