Բավ է պառակտվել
31-01-2020 22:30

Հայաստանում Չինաստանի դեսպանը պատմել է, թե երբ կկայունանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Ուրբաթ օրը Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը քննարկել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

Դեսպանը նշել է, որ իրավիճակը բարդ է, բայց կայուն: Չինացի փորձագետները կարծում են, որ տագնապը կտևի ևս մեկ շաբաթ, այնուհետև իրավիճակը կկայունանա:

Էրլունը նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց այն վերահսկելի է: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները խնդիրը հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Իր հերթին, նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանում ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն տրամադրելու համար, հավելելով, որ վարչապետի որոշմամբ Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Այսօր կայացել է դրա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

Իրավիճակը Չինաստանում և աշխարհում

ՀՀ Առողջապահության նախարարությունը նշում է, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը՝ պայմանավորված 2019-nCoV նոր կորոնավիրուսուով շարունակում է մնալ լարված: ԱՀԿ-ի տվյալներով, 2019-ի հունվարի 30-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է հիվանդության 12.1167 կասկածելի և 7,736 հաստատված դեպք, մահացել է 170 մարդ: Չինաստանի որոշ քաղաքներում կարանտինը դեռևս շարունակվում է:

Բացի Չինաստանից, հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, ներառյալ եվրոպական տարածաշրջանը: Աշխարհում, ըստ ԱՀԿ տվյալների, արձանագրված է 7818 հաստատված դեպք:

Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է “հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ”:

Հսկողությունը սահմանին

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, Հայաստանը 2020 թ. փետրվարի 1-ից մարտի 31-ը ժամանակավորապես կասեցրել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը։

Հարկ է նշել, որ Հայաստանի պետական սահմանի անցակետերում ուժեղացվել է հսկողությունը Չինաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ, գործընթացում ներգրավվել են առողջապահության նախարարության մասնագետներ:

Այնտեղից ժամանող ուսանողները ջերմաչափվում են, սահմանվում է 14-օրյա կարանտին։ Այս օրերի ընթացքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ, նրանք մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

Նշվել է, որ երկիր ժամանողների մոտ առողջական խնդիրների բացակայության դեպքում, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ նրանց նկատմամբ սահմանափակող որևէ գործողություն չի իրականացվում։