Բավ է պառակտվել
21-03-2020 15:02

Հայաստանի նախագահը քննարկել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Նուբար Աֆեյանի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գործարար և բարեգործ, “Ավրորա” նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ, հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվել է, որ ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

Հեռախոսազրույցի ընթացքում Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանն ու փորձարկմանը։

Զրուցակիցները քննարկել աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը, կապված նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ, վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված միջոցառումներն, ինչպես նաև դրանց արդյունավետությունը։

Զրույցի ընթացքում Սարգսյանը շեշտել է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի և համագործակցության կարևորությունը կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հարցում։

Մարտի 21-ի՝ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 160 դեպք, տեղեկացրել է Հիվանդությունների հսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարակվածների մեծամասնությունը Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։