Բավ է պառակտվել
25-02-2020 17:52

Բժշկական դիմակների պակասը չհիմնավորված խուճապն է


Կորոնավիրուսի մասով բնակչության շրջանում խուճապն ավելին է, քան պետք է լիներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Այս պահին որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ: Որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, դա հասկանում եմ, բայց խուճապը շատ ավելին է, քան պետք է լինի», - ասաց նա:
Հարցին՝ կա՞ն ռիսկեր, Զեյնալյանը պատասխանեց, որ ռիսկեր միշտ կարող են լինել, բայց այս պահին արվում է առավելագույնը:

Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ սահմանը փակ չէ առևտրականների համար ու նրանք անարգել ու մուտք են անում՝ Զեյնալյանը նշեց, որ ինքը ևս նման զանգեր ստացել է, բայց պարզվել է, որ իրականում խոսքը բեռնափոխադրում իրականացնող վարորդների մասին է, ովքեր պարտադիր բուժզննում են անցնում:
Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտին նշեց, որ դեղատներում բժշկական դիմակների պակասը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չհիմնավորված խուճապի մեջ են և սկսել են իրենց տներում դիմակներ պահեստավորել:
«Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեղատներում դիմակները բացակայում են: Սա չհիմնավորված խուճապի արդյունք է, երբ բնակիչները դիմակներ են պահեստավորում իրենց տներում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ դա բացարձակ անիմաստ է:
Նա նշեց՝ բժշկական դիմակը վարակվելուց 100-տոկոսով զերծ չի պահում: Պատգամավորը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունն ունի բավականաչափ պահեստավորված դիմակներ: «Բացառելու ենք, որ որևէ հակավիրուսային դեղորայքի կամ դիմակի թանկացում լինի»,-նշեց նա:
Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտնել էր, որ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով, դիմել են մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար:
Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

 

 

Արմինե Գևորգյան