Բավ է պառակտվել
06-11-2021 22:19

«Ճեղքող վարակ». բժիշկները թվարկել են կորոնավիրուսի ախտանիշները պատվաստվածների մոտ

Պատվաստված մարդիկ ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում COVID-19-ը, քան չպատվաստվածները։ Այս մասին, ըստ Lenta.ru-ի, հայտարարել են դանիացի գիտնականներ պրոֆեսոր, Վիդորվե հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի գլխավոր բժիշկ Թոմաս Բենֆիլդը և Օրհուսի համալսարանի իմունոլոգիայի պրոֆեսոր Ռուն Հարթմանը։ Նրանց հետ զրուցել է Danmarks Radio-ն:

Մասնագետները նաև թվարկել են COVID-19-ի ախտանիշները, որոնք կարող են ի հայտ գալ պատվաստված մարդկանց մոտ։ Նրանք բացատրել են, որ իրավիճակը, երբ ամբողջությամբ պատվաստված մարդիկ այնուամենայնիվ վարակվում են, կոչվում է «ճեղքող վարակ»:

Այսպես, ամբողջությամբ պատվաստված մարդկանց մոտ COVID-19-ի ամենատարածված ախտանիշներից են գլխացավը, քթահոսը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը։ Ջերմությունը և հոտի կորուստը մի փոքր ավելի հազվադեպ է հանդիպում:

Ինչպես բացատրել է Հարթմանն, անգամ պատվաստված մարդկանց շրջանում հիվանդության ընթացքը կարող է տարբեր բարդության լինել՝ թեթև մրսածությունից մինչև մահվան դեպքեր: «Բայց ընդհանուր առմամբ հիվանդության ծանրության կտրուկ անկում է նկատվում, ինչը նշանակում է, որ շատ ավելի քիչ մարդ է դիմում հիվանդանոց և մահանում»,- ընդգծել է նա։

Պրոֆեսորը նշել է, որ հիվանդության ընթացքի արագությունը մեծապես կախված է կոնկրետ պատվաստանյութից և մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև նրա տարիքից։ Նրա խոսքով, մասնագետները նկատել են, որ 70 տարեկանից բարձր հիվանդների մոտ դեղերի արդյունավետությունը նվազում է վեց ամսից հետո, և եթե նրանք մեկ անգամ էլ են պատվաստվում, կլինիկական բարելավում է նկատվում։

Միևնույն ժամանակ, ամբողջութկամբ պատվաստված պացիենտները COVID-19-ով վարակվելիս կարող են վարակը փոխանցել ուրիշներին, և, հետևաբար, կարևոր է հիվանդության առկայության թեստ հանձնել, նշել է Բենֆիլդը։ Նա բացատրել է, որ ախտանիշներ ունեցող մարդկանց մոտ վիրուսի ամենամեծ քանակը քթում և կոկորդում է, ինչը նրանց ավելի վարակիչ է դարձնում: