Բավ է պառակտվել
06-08-2020 19:41

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ

Հուլիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման հիմքով վարույթ է հարուցել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։

Այս տեղեկությունը հաստատել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ վարույթն արդեն իրականացվում է և գտնվում է հետազոտման Փուլում։ Նա ասել է, որ նախորդ օրը Թորոսյանն իրազեկվել է այդ մասին։

Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը: Նա հայտնել է, որ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենն է Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր 124 մլն․ դրամ ընդհանուր արժողությամբ։

Ղազարյանը տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանն, Իսկ 2016 թ․հունվարի 20-ից 2017թ․հունվարի 10-ը տնօրենի պաշտոնը զբաղեցրել է նրա կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև՝ 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը Արսեն Թորոսյանը վերադարձել է տնօրենի պաշտոնին։

Լրագրողը խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և նշված ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Հանձնաժողովը որոշում է կայացրել առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ:

Առողջապահության նախարարության անդրադարձը

Հարուցված վարույթի առթիվ Հայաստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր լրատվամիջոցներում:
«Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է»,-գրել է նա։

Նրա խոսքով՝ այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ:

«Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար»,- նշել է մամուլի քարտուղարը։

Նիկողոսյանը հայտնել է, որ, անհրաժեշտության դեպքում՝ նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները: (1 $ - 485.18 դրամ)