Բավ է պառակտվել
02-10-2018 12:51

Քաղցկեղը դատավճիռ չէ․ Հայաստանը ցանկանում է քաղցկեղի բուժման տարածաշրջանային կենտրոն դառնալ

Հայաստնի վարչապետի տիկին, “City of smile” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել Մալայզիայում անցկացվող “Գլոբալ առաջնորդներն ընդդեմ քաղցկեղի” գագաթաժողովին։ Ինչպես բացատրել է Հակոբյանը՝ “City of smile”-ը միավորում է Հայաստանում այդ խնդրով զբաղվող բոլոր հիմնադրամերը, քանի որ “այդ մարտահրավերի դեմ պայքարելու համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ։” Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում շատ բան է արվել երեխաների մոտ քաղցկեղի հաղթահարման համար։ Մահացության ցուցանիշը 90%-ից նվազել է մինչև 30%: Միաժամանակ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ այդ թվերը հնարավոր է ավելի լավացնել և նման առաջընթաց ապահովել ամբողջ տարածաշրջանում։ Հակոբյանը պատմել է, որ քաղցկեղով հիվանդ երեխաների հետ շփվելիս նա հասկացել է, որ քաղցկեղը դատավճիռ չէ, և հիվանդությունը հաղթելու համար ֆինանսական ռեսուրսներ, կամք և հաստատակամություն է անհրաժեշտ, քանի որ գիտությունն ու բժշկությունն արդեն արել է մնացածը։ Բացի այդ, առաջին տիկնոջ խոսքերով՝ նա իր համար բացահայտել է, որ կան մարդիկ, ովքեր իրենց ջանքերը չեն խնայում այդ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար։
Նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ հարուստների համար քաղցկեղը բուժվող հիվանդություն լինի, իսկ աղքատ մարդկանց համար՝ անբուժելի։
“Այնուամենայնիվ աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ մնալ, և քաղցկեղով հիվանդ երխաները մահանում են։ Կան զարգացած, հարուստ երկրներ, որտեղ քաղցկեղով հիվանդ երեխաների մահացությունը 20% է, և կան երկրներ, որտեղ այն 80-90% է կազմում։ Սա այն վիճակագրությունն է, որն, ըստ իս, անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել։ Հիվանդ երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որպեսզի բուժվի այլ ոչ թե մահվան դատապարտված լինի։ Իմ խորը համոզմամբ, աշխարհում բավարար ֆինանսական ռեսուրսներ կան յուրաքանչյուրի և բոլորի համար՝ անկախ բնակության երկրից։ Բավական է միայն կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասարաչափ բաշխելու համար։ Իհարկե, սա հեշտ չէ, հսկայական աշխատանք է, բայց դա է մեր այսօրվա հանդիպման իմաստն ու նպատակը։ Իմ կարծիքով, ամենակարճ ուղին առաջատար կենտրոնների բացումն է և մատչելի ծառայությունների ապահովումը բոլորի համար։
Այսինքն, այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Հարվարդինն ու Օքսֆորդինը պետք է ոչ թե մեկ, երկուսը լինեն, այլ բոլոր տարաշծաշրջաններում բացվեն։ Եվ, թեև դա քաջություն է պահանջում՝ ես պետք է ասեմ, որ մենք ձգտում ենք Հայաստանում նման կենտրոն հիմնադրել, որը կսպասարկի ոչ միայն մեր երկրի, այլ և ամբողջ տարածաշրջանի բնակիչներին։ Անշուշտ, առանց ձեր օժանդակության մենք դա չենք կարող անել, բայց հավաստիացնում եմ, որ մենք բավարար կամք ունենք ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այս խնդիրը լուծելու համար։ Իմ երկրում ինձ հարյուրավոր քաղցկեղով հիվանդ մեծահասակներ և երեխաներ են սպասում, և ես շատ եմ ուզում վերադառնալով, նրանց լավ լուր հայտնել այն մասին, որ մենք կարող ենք օգնել նրանց հիվանդությունը հնարավորինս թեթև տանել, վերջնականապես հաղթահարել այն և հասարակական կյանք ինտեգրվել։ Ես նաև ցանկանում եմ առաջինը հայտնել նրանց, որ մեր տարածաշրջանում Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի կամ Հուսեյն արքայի ուռուցքաբանության կենտրոնի նման բժշկական կենտրոն կհիմնադրվի։ Եվ քաղցկեղով հիվանդ մարդիկ հնարավորություն կունենան հարուստ և զարգացած երկրների քաղաքացիների նման բուժվել և սպասարկվել”,- հայտարարել է Հայաստանի առաջին տիկինը։

Նշենք, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ուռուցքային հիվանդությունների 70% աճ է գրանցվել։ Ուռուցքային հիվանդությունները 40-45%-ով ախտորոշվում են 3-րդ, 4-րդ աստիճանում, ինչով էլ պայմանավորված է մահացության նման բարձր մակարդակը: Քաղցկեղն 1-ին, 2-րդ աստիճանում բացահայտելու դեպքում ապրելունակության ցուցանիշը 90-95% է։ Այս տարիների ընթացքում Հայաստանում ընդամենը 40,000 հիվանդ է հաղթահարել քաղցկեղը։

Չնայած այս ցուցանիշին՝ վերջին տարիներին երեխաների շրջանում ուռուցքային հիվանդությունների աճի միտում չի գրանցվել։ Երկրում քաղցկեղ ախտորոշվում է տարեկան 70-80 երեխայի մոտ, այն դեպքու, երբ 2000թթ-ին․ այն հայտնաբերվում էր տարեկան 100 երեխայի մոտ։ Հայաստանում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածը լեյկոզն է, որով հիվանդ են քաղցկեղով հիվանդ երեխաների 40-50%-ը, կենտրոնական նյարդային համակարգի (15-16%), հիմնականում՝ գլխուղեղի և շատ հաճախ՝ չարորակ ուռուցքները։ Սրանց հետևում են չարորակ լիմֆոմաները (10-12%), ոսկորների ուռուցքները և ոսկրային սարկոմաները, տարբեր հատվածների նյարդային համակարգն ախտահարող նեյրոբլաստոմաները (7-8%), Վիլմսի ուռուցքը (6-7%)։

Այսօր հանրապետություն գործում է երեք կլինիկա, որտեղ բուժում են քաղցեկով հիվանդ երեխաներին․ Վ Ֆանարջյանի անվ․ ուռուցքաբանության գիտական կենտրոնը, Հայաստանի առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվ․արյունաբանական կենտրոնը․ Մուրացանի անվ․ համալսարանական հիվանդանոցը։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մայիսի վերջին որոշում կայացրեց լուծարել “Ճառագայթային բուժման կենտրոն” ՓԲԸ-ն։ Առողջապահության նախարար Արսեն Թորասյանը ընկերության լուծարման անհրաժեշտությունը հիմնավորել էր այդ ոլորտում քաղաքականության փոփոխությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ “Ճառագայթային բուժման կենտրոն” ՓԲԸ ստեղծման առաջին փուլում նախկին կառավարությունը ցիկլոտրոն սարքն էր ձեռք բերել որը պետք է օգտագործվեր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար։ Սարքի ձեռբերման և դրա համար նախատեսված շենքի կառուցման նպատակով պետական բյուջեից 2,2 մլրդ․ դրամ է հատկացվել։ Այդ նույն ծրագրի իրագործմանն է ուղղվել նաև Բելգիայի կողմից տրամադրված 5,4 մլն եվրո վարկը, որն այժմ մարվում է մասնակի վճարումներով։ Ըստ վարչապետի, ներկրված սարքերը չեն աշխատացվել, իսկ կենտրոնը միայն թղթի վրա գոյություն ունի։