Բավ է պառակտվել
21-05-2020 13:57

Վաղվանից ասիմպտոմ դեպքերով պացիենտները չեն հոսպիտալացվի․ նախարար

Մեկ օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսի 1751 թեստ կատարել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեկ ամիս առաջ, երբ պլանավորել էինք բարձրացնել օրական թեսատվորումների թիվը, այդ նշաձողը օրական 1000 էր, բայց այս պահին հասել ենք 1751 թեստավորման։ Ընդհանուր հետազոտության թիվը 45 822 է», - ասաց նախարարը։
«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Պետք է այնպես անենք, որ որևէ քաղաքացի (ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող) զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Դեռևս այս ճնշմանը կարողանում ենք դիմանալ»,-ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` սա այն իրավիճակն է, որից միշտ փորձել են խուսափել։
Նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ, վաղվանից չեն հոսպիտալացվի այն քաղաքացիները, որոնց մոտ կախտորոշվի կորոնավիրուս, բայց նրանք փաստացի բուժման կարիք չեն ունենա։
«Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո», - ասաց Թորոսյանը։
Նախարարն ընդգծեց, որ նման պացիենտները ոչ թե զրկվելու են բժշկական օգնությունից, այլ փոխվելու է հիվանդության վարման ռազմավարությունը։
«Շատ քիչ երկրներ կան, որ ասիմպտոմ ձևերին պահել են մեկուսացված վիճակում և բուժօգնություն ցույց տվել հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Մենք մինչ այսօր նման ձև ենք վարվել, վաղվանից կանցնենք այլ մարտավարության», - ասաց նա։

Նշենք, որ մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ Հայաստանում այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում: