Բավ է պառակտվել
17-06-2021 20:53

Երազներն իրոք օգնում են կանխատեսել ապագա իրադարձությունները․ հետազոտություն

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երազները կարող են լինել կյանքի բազմաթիվ վերապրումների բեկորների համադրություն և կարող են նաև կանխատեսել ապագա իրադարձությունները:

Sleep ամսագիրը զեկույց է հրապարակել Ֆուրմանի համալսարանի նյարդաբանների աշխատանքի վերաբերյալ՝ փորձելով հասկանալ երազների էությունը: Մասնագետների կողմից արված եզրակացություններից մեկն այն է, որ երազները օրգանիզմի՝ հիշողությունը մշակելու ֆունկցիայի արտացոլումն են: Ուսումնասիրության հեղինակների կարծիքով մարդկանց տեսած երազների սյուժեները մեծամասամբ հիմնված են անցյալից հիշողության մեջ պահվող տեղեկատվության վրա, բայց երազները կարող են նաև նախազգուշացումներ պարունակել ապագայի մասին:

«Երազները մի պրոցեսի արդյունք են, որը հաճախ համատեղում է կյանքի բազմաթիվ իրադարձությունների բեկորներ և կանխատեսում է ապագա իրադարձություններն», - ասել է ծրագրի առաջատար հետազոտող, ճանաչողական նյարդակենսաբանության դոկտոր Էրին Ուամսլին:

Գիտնականների փորձարկումներին մասնակցել է 48 ուսանող, ովքեր գիշերել են լաբորատորիայում: Գիշերվա ընթացքում մասնակիցներին արթնացրել են 13 անգամ, որպեսզի նրանք պատմեն քնելու, արագ և դանդաղ քնի ընթացքում իրենց փորձի մասին: Հաջորդ առավոտ մասնակիցները որոշել են, թե իրական կյանքից ինչն է հանդիսացել իրենց երազների սյուժեների աղբյուր:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ երազների ձևավորման ժամանակ ուղեղը գործարկում է հիշողությունը միանգամից մի քանի աղբյուրներից՝ ընթացիկ կյանքի իրադարձություններից, ինչպես նաև անցյալում տեղի ունեցածից: Դրանցից մեկ սցենար կազմելով՝ ուղեղը կարող է ստեղծել շարունակություն, որն ապագայի յուրօրինակ կանխատեսում է: Միևնույն ժամանակ, նշում են գիտնականները, ապագա իրադարձությունները, որոնք կարելի է տեսնել երազում, հազվադեպ են ունենում ռեալիստական ձև: